«Շուշիի հետ կապված հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հռետորական հարցով․ չհասկացողները տրամաբանության հետ կապված խնդիրներ ունեն». Սուրեն Գրիգորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ չկարողացան մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 20-ին խորհրդարանում արած այն հայտարարությունը, թե Շուշի քաղաքի բնակչության 90 տոկոս ադրբեջանցիների դեպքում, ցանկանում են քաղաքը համարել հայկակա՞ն։ Ճեպազրույցից հետո իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մեկնաբանեց, թե ինչու հարցին այդ ժամանակ չի պատասխանել, և մանրամասնեց, թե իրականում ինչ է ցանկացել ասել Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Սուրեն Գրիգորյանի, ճեպազրույցի ժամանակ հարցին չի պատասխանել, քանի որ իրենց հատկացված ժամանակը սպառվել էր, իսկ ԼՀԿ-ական պատգամավորները սպասում էին իրենց հերթին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ խորհրդարանում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ հոկտեմբերի 18-ին եղել է հնարավորություն, որպեսզի պատերազմը դադարեցվի և Շուշին մնա հայկական, որին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցով։

«Կարծում եմ՝ այդ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հռետորական հարցով։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե՛ պատերազմի օրերին՝ տարբեր քննարկումների ժամանակ, թե՛ դրան նախորդած բանակցային գործընթացում, չի եղել այնպիսի ժամանակ, որի ընթացքում չի քննարկվել փախստականների հարցը։ Մինչև Շուշիի ազատագրումը, Շուշիի բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ, և ըստ այդմ՝ հռետորական հարց է հնչեցրել, ասել է՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական Շուշի՞ է։ Հիմա եթե որևէ մեկը դրանից բխեցրել է, որ վարչապետը պնդում է կատարել, թե Շուշին հայկական չէ, ապա այդ մարդը կա՛մ հայոց լեզվի հասկանալու հետ խնդիր ունի, կա՛մ տրամաբանելու հետ կապված խնդիրներ ունի»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս