Կա անհամաչափություն.  եթե ՀՀ տարածքով անցնող կորիդորի հատվածը վերահսկվելու է ՌԴ զորքերի կողմից, ապա Ադրբեջանով անցնող ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Հրանտ Միքայելյան

«Ընդունված է մտածել, որ Գերմանիան կամ Շվեդիան պարտվել են,  և այդ պարտությունը նրանց թույլ է տվել, որպեսզի նրանք զարգանան, և հիմա  Հայաստանն ունենում  է այդ հնարավորությունը, որպեսզի զարգանա,  և այստեղ ամենամեծ սխալն այն է, որ մենք վերցնում ենք բացառությունը՝ որպես օրինաչափություն, որովհետև պարտությունն իրականում նրա համար չէ, որ ինչ-որ մեկը շահի: Այդ ամենը կախված է մի քանի հանգամանքից.   նախ՝ պարտության պայմաններից, երկրորդ՝ այն ռեսուրսներից, որին տիրապետում է պարտվող կողմը»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Նա նկատեց, որ հաճախ, երբ խոսվում է ապագայի մասին, հասարակության մեջ շատերը նշում են, որ պետք է ապագայի մասին մտածել և, մեծ հաշվով,  ներկայի վրա չկենտրոնանալ, մինչդեռ ավելի զարգացած և կայացած պետություններում նրանք հիմնականում մտածում են այն մասին, թե ինչպես ներկայում ռեսուրսներ կուտակել, որոնք թույլ կտան ապագա զարգացման համար անհրաժեշտ պայմանները ստեղծել. «Հիմա՝ մենք այս առումով բավականին մեծ խնդիրներ ունենք, որովհետև այն կորուստները կառուցվածքների, ենթակառուցվածքների, այդ թվում՝ Սոթքի  հանքավայրը և այլն,  դանդաղեցնելու է մեր տնտեսական աճը:

Անդրադառնալով եռակողմ հանդիպման հիմնական բանակցային թեմային՝ միջանցքին, Հրանտ Միքայելյանը տեղեկացրեց.  «Շատ մոտավոր հաշվարկով՝ այս երկաթգծի երկարությունը, օրինակ, ՌԴ ուղղությամբ՝  2.3 անգամ ավելի մեծ է, քան ուղղությունը՝ Վրաստանով ավտոճանապարհի դեպի Ռուսաստան:

Այս ճանապարհի օգուտը լինելու է այն ժամանակ, երբ Լարսն աշխատունակ վիճակում չէ:  Ինչ վերաբերում է Իրանին, ապա այստեղ որոշ հնարավորություններ բացվում են, բայց այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք, որ այն արտերիան, որը կար և որը միշտ օգտագործվում էր, հիմա վտանգված է: Վտանգված է Կապան- Գորիս ճանապարհը, իսկ այն, որն անցնում է Ադրբեջանով-Նախիջևանով, էլի կարող է բավականին խոցելի լինել:

Մյուս տեսանկյունից՝ այստեղ կա անհամաչափություն, որովհետև եթե ՀՀ տարածքով անցնող կորիդորի հատվածը վերահսկվելու է ՌԴ զորքերի կողմից, այսինքն՝ ՀՀ-ն չունի ամբողջությամբ վերահսկողությունը և չունի հնարավորություն,  օրինակ, այս ճանապարհը փակելու, և ապա՝ Ադրբեջանով անցնող ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է,  սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է նման բան անել,  և ինչո՞ւ ոչ, պետք է  հասկանալ, որ այդ   հնարավորությունից օգտվելու են, որովհետև խորհրդային տարիներին Ադրբեջանը փակել էր Հայաստանի հետ ճանապարհը, դեռ Խորհրդային Միության վերահսկողության տակ՝ 1989 թվականին: Այսպիսով, նման ռիսկ կա, օրինակ, վաղը եղավ բախում սահմանին՝ փակում է, ասում՝ չենք թույլ տալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս