Գերեվարված զինծառայողի ընտանիքը հագուստի, սննդի և գումարի կարիք ունի
Դեկտեմբերի 16-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողներից բաղկացած մի ստորաբաժանում։ Ավելի ուշ թշնամին տեսանյութ տարածեց, որտեղից պարզ դարձավ, որ նրանք գերի են ընկել:
Գյումրեցի Մարիամ Գևորգյանը, ում ամուսինը՝ Ս.Մ-ն, գերիների թվում է, 168.am-ին հայտնեց, որ տեսել է տեսանյութերը, թե ինչպես են ամուսնուն ու մյուսներին գերի վերցնում:
«Ամուսնուս հետ այս ընթացքում չեմ խոսել: Ինքը Շիրակի մարզի 62 գերիների մեջ է: Վերջին անգամ խոսել եմ դեկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 10:00-ին, ասում էր, որ պատրաստվում են իջնել դիրքերից, և դրանից հետո ուղիղ 5 օր մենք տեղեկություն չենք ունեցել, ո՛չ մի զանգ, ո՛չ մի բան, հետո հարևանները վիդեոն բերեցին՝ տեսա, որ գերի է»,- ասաց տիկին Մարիամը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է ամուսնու վերադարձին, որպեսզի միասին կարողանան հասնել իրենց նպատակներին:
«Նախատեսել ենք բնակարան գնել, սպասում եմ՝ ամուսինս վերադառնա, ու մենք միասին ժամանակի ընթացքում իրականացնենք այդ երազանքը»,- նշեց նա:
Մարիամի փոխանցմամբ՝ ամուսնու բացակայության ժամանակ ինքն ու երեխաները սոցիալական խնդիրների առջև են կանգնել, ունեն հագուստի, սննդի և գումարի կարիք:
«Երեք անչափահաս երեխա ունեմ (12,10 տարեկան տղա և 2 տարեկան՝աղջիկ), ապրում ենք վարձով, խոնավ բնակարանում: Տան վարձն ամիսը 15.000 դրամ է, կոմունալ ծառայությունների պարտքերը մի կերպ կարողանում եմ վճարել նպաստի գումարով, չեմ նայում՝ երեխաներին գումար կմնա՞, թե՞ չի մնա, ես պարտք չեմ սիրում: Այս պահին ունենք և՛ հագուստի, և՛ սննդի, և՛ գումարի կարիք»,- ասաց մեր զրուցակիցը:
Ընտանիքին օգնել կարող եք՝ դրամական փոխանցում կատարելով Մարիամ Գևորգյանի անունով գործող՝ նշված հաշվեհամարին. «Արդշինբանկ»՝ 2478900814550000: