«Որևէ մեկը եռակողմ համաձայնագրում թող հայանպաստը չփնտրի». Հովհաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրրի հետ կապված արդեն մի քանի անգամ ասել է, որ այնտեղ հայանպաստ որևէ բան չկա:

«Որևէ մեկը եռակողմ համաձայնագրում թող հայանպաստը չփնտրի, հայանպաստի մասին խոսում է Ռուսաստանը, որը համարում է, որ դա էր միակ ձևը՝ փրկելու մի քանի հազար կյանքեր: Ես կարող եմ համաձայնել, կարող եմ վերապահում ունենալ, սրա մասին չէ խոսքը: Եթե մենք հասկանանք, որ այդ հայտարարությունը եղել է Թուրքիայի ագրեսիայի, Ադրբեջանի ռեզոլյուցիաների և միջազգային իրավունքի խախտումով իրականացրած ռազմական ագրեսիայի պարտադրված հետևանք, ապա ի՞նչ բարենպաստի մասին է խոսքը: Այնտեղ բանակցություններ չի եղել, որ մենք ասենք՝ մի կողմը բանակցել է, ոչ այդպես չի եղել, դա եղել է ռազմական առավելություններով պարտադրված հայտարարություն»,- այս մասին խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում ասաց Հովաննես Իգիթյանը՝ անդրադառնալով 168.am հարցին, թե նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրում կա՞ որևէ հայանպաստ կետ:

Նա ընդգծեց, որ այդ համաձանագիրը պարտադրված է եղել, հետևաբար՝ հայկական կողմը պետք է բարձրաձայնի ու ասի, որ այն պարտադրված է, և այն կետերը, որոնք համարվում է անարդար, ոչ հայանպաստ,  պետք է ներկայացվի:

«Մեզ այստեղ ասում են՝ պետք է զգույշ լինեք, ընդ որում՝ այդ մեսիջը տարբեր տեղերից է գալիս, որ պետք է զգույշ լինենք, որպեսզի այս անվտանգության զգայուն համակարգը չփլուզվի և նոր պատերազմ չլինի, կամ Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը չխափանվի: Այո, պետք է զգույշ լինենք, բայց չհամարենք, որ այս հայտարարությունն Արցախի հարցի լուծման բանաձևն է՝ ոչ: Այսօր Մինսկի խումբը փորձում է նորից բարձրաձայնել Մինսկի խմբի գործընթացի հարցը, ընդ որում, եթե հիշում եք, այդ հարցը հատուկ ես եմ տվել վարչապետին, որպեսզի նորից հնչեցվի Հայաստանի կարծիքը, թե արդյո՞ք Հաայստանը հրաժարվել է Մինսկի խմբից: Ոչ, մենք չենք հրաժարվել, դրա մասին վարչապետը հստակ խոսել է: Մինչև հիմա Ալիևը համանախագահներին ձեռք է առնում, կարծում եմ՝ էթիկայի բոլոր կանոնների խախտումով է Ալիևն ընդունել Մինսկի խմբի համանախագահներին: Սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է Մինսկի խմբից»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս