Գիտնականը գնահատել է Չինաստանում ընկած երկնաքարի չափերը
Չինաստանի Ցինհայի նահանգում ընկած օբյեկտը, որը նման է երկնաքարի, կարող է լինել մինչեւ 1 մետր շառավղով եւ մոտավորապես 10 տոննա զանգվածով. հավանաբար, ՉԺՀ-ի մասնագետներին կհաջողվի այն գտնել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կյոնհիի համալսարանի (Կորեայի Հանրապետություն) պրոֆեսոր Եվգենի Զուբկոն:
Դեկտեմբերի 23-ին Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ տեղական ժամանակով 07:25-ին (Երեւանի ժամանակով 03:25-ին) Ցինհայի նահանգի Յուշու գավառում գրանցվել է օբյեկտի անկում, որը նման է երկնաքարի: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:
«Երկնաքարի ընկնելը հազվադեպ երեւույթ չէ: Նշվում է աստերոիդների բեկորների, գիսաստղերի եւ նույնիսկ այնպիսի մեծ մոլորակների արբանյակների, ինչպիսին Լուսինն է, միջուկների անկում: Ինչ վերաբերում է այս դեպքին, ապա սա, ամենայն հավանականությամբ, խոշոր օբյեկտ է: Մթնոլորտ մտնելիս երկնաքարը հաճախ տաքանում է Ցելսիուսի մինչեւ 3-4 հազար աստիճան, լինում է տեսանելի դիապազոնով լուսարձակում, որը երեւում է անզեն աչքով: Այդ օբյեկտի շառավիղը մոտավորապես մեկ մետր է, ինչը նշանակում է, որ զանգվածն ավելի քան 10 տոննա է: Սա շատ խոշոր օբյեկտ է: Այդ չափի երկնաքարերը հազվադեպ են հանդիպում, մոտավորապես մեկ դեպք՝ 1 սանտիմետր շառավղով երկնաքար ընկնելու 1 միլիարդ դեպքից»,-ասել է Զուբկոն: Հետաքրքիր է, որ օբյեկտի անկումը նկարահանել են բազմաթիվ ականատեսներ, թեեւ երկնաքերների մեծամասնությունը ընկնում են օվկիանոսի մեջ կամ չբնակեցված տարածք, նշում է գիտնականը: