«Վերադարձ». օպերային թատրոնի արտիստները կրկին բեմ կբարձրանան երկարատև դադարից հետո
Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո օպերային թատրոնի արտիստները համերգային ծրագրով տոն կնվիրեն երաժշտասերներին:
Դեկտեմբերի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Վերադարձ» խորագրով համերգային երեկոն:
Կհնչեն Հենդելի, Վիվալդիի, Ֆրանկի, Մոցարտի, Առնո Բաբաջանյանի, Ջորդանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ելույթ կունենան Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Նունե Բադալյանը, Աննա Մնացականյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Վարսենիկ Ավանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Նունե Գրիգորյանը, Մերի Մովսիսյանը:
Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նաև Ղազարոս Սարյանի «Գառնի», Ջակոմո Պուչինիի «Քրիզանթեմներ» ստեղծագործությունները, ինչպես նաև Ղազարոս Սարյանի երաժշտությունը «Առաջին սիրո երգը» ֆիլմից:
Համերգին պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները: