«Հիմա շուռնուխցիների խնդիրը վարչապետի փրթած թանը նրան ցույց տալն է». Շուռնուխի գյուղապետ

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան մեկնել է Սյունիքի մարզ, այցի մասին նա նախապես տեղեկացրել էր և ֆեյսբուքյան իր էջում, ու գրել, որ աշխատանքային օրը կանցկացնի Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում՝ կհանդիպի քաղաքացիների հետ։

Նրա այցը միանշանակ չի ընդունվել սյունեցիների կողմից, երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ Գորիսի բնակիչներին կոչ անելով գնալ Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։

Առավոտյան ոստիկանությունը բերման ենթարկեց Առուշ Առուշանյանին։

168.am Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե մտավախություն չունի՞, որ իրեն նույնպես բերման կենթարկեն, քանի որ միացել էր Առուշանյանի կոչին և հորդորել  բոլորին զենք վերցնել ու պաշտպանել Սյունիքը։

«Ես վախենալու բան չունեմ, այս ամենը շարունակական է լինելու, որքան ժամանակ վարչապետը մնա իր պոստում, այնքան այս ձերբակալությունները, մարդկանց ճնշելը շարունակվելու է։ Նա իրեն խոչընդոտող անձանց ճնշելու է՝ առանց հաշվի առնելու որ պոստից է մարդը իջել, այսպես է՝ նա բոլորին վերացնում է իր ճանապարհից։ Հիմա շուռնուխցիների խնդիրը վարչապետի փրթած թանը նրան ցույց տալն է, հիմա թշնամին, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, իր փափուկ տուտուզն ուր ուզում դնում է»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նա ընդգծեց, որ այլևս դիրքեր չունեն, վաղուց իրենց այնտեղից հանել են։

«Եթե վարչապետը կգա Շուռնուխ, թող գա ու ասի՝ այդ ի՞նչ քարտեզներով է սահմաններ որոշում, եթե վարչապետը պատրաստ է սկզբում շուռնուխեցիներին լսել, ապա շուռուխեցիներն էլ իրեն կլսեն, կրկնում եմ՝ եթե առաջինն ինքը լսի գյուղացիներին։ Սա ասում եմ՝ որպես հայ, սյունեցի, այլ ոչ թե՝ համայնքի ղեկավար»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս