«Փաշինյանին պահող միակ ուժն Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռանկյունին է․ որևէ այլ կողմ շահագրգռված չէ նրա իշխանությունը պահպանելու համար». Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ՀՀ-ում պարտված իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի նոր եկած իշխանությունը կարողանա բանակցությունների միջոցով և թշնամուն հանձնվող յուրաքանչյուր գյուղի համար «բազար» անի։
«Նույն GPS-ը կարգավորումները ստանում էր երկրների կառավարությունների կողմից, մեզ մոտ հակառակն է՝ մենք GPS համակարգից ենք տվյալները վերցնում, որպեսզի սահմաններ գծենք, նման բան աշխարհում չկա։ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից պետք է լինեն հատուկ հանձնաժողովներ, որոնք Նոյեմբերյանի Բարեկամավան գյուղից մինչև Մեղրիի Նռնաձոր գյուղ վերևից ներքև գնան-ասեն՝ էս սարն իմն է, էս դաշտը քոնն է, ու բոլոր կոորդինատներն ուղարկեն գուգլին, որպեսզի այդ տվյալները ներառի։ Հիմա ի՞նչ են անում՝ բացում են GPS-ը ու սահման գծում, արդյունքում ստացվում է, որ Գորիս-Կապան ճանապարհի մի մասն անցնելու է Ադրբեջանի տարածքում։ Այս կառավարությունը ունակ չէ որևէ քայլ անելու, չգիտի Արցախի տեղը, Սյունիքի ու ճանապարհների տեղը, միայն ուզում է մեկ օր ավելի նստել աթոռին։ Այդ ամենի արդյունքում ստացանք այն, որ Արցախի 9 շրջան անցել է, ընդ որում, Հադրութի շրջանի վերջին երկու գյուղերը։ Սրանով էլ չբավարարվեցին, հիմա էլ Սյունիքի անվտանգությունն են տալիս»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նախկինում հայտարարում էին, թե Արցախը Հայաստանի անվտանգությունն է, բայց հիմա Սյունիքը զրկվում է իր անվտանգությունից։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ժողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, Տիգրան Քոչարյանը հարցրեց՝ ժողովրդի պահա՞նջ կա, որ Նիկոլ Փաշինյանը մնա։
«864 հազար մարդը, որ Նիկոլին ձայն է տվել, ինչո՞ւ չեն լցվում հրապարակ, ինչո՞ւ երթեր չեն անում ու ասում՝ Փաշինյան, մնա։ Որտեղի՞ց ինքը գիտի, որ իրեն սատարողներ ու աջակցողներ կան, բացի պետական լափամանից սնվողներից ու իր բարեկամներից, ինչո՞ւ հակաերթ դուրս չի գալիս ու ասի՝ այ ծախվածներ, ի՞նչ եք ուզում մեր Փաշինյանից, չկա, ինքը չունի ժողովրդական աջակցություն։
Եթե ինքը կարողանում է ամբողջ Ապարանից 50-60 հոգի քերի, որ գնան Ապարանի քաղաքապետի դեմ բողոքեն, կամ Մարտունիում 3-4 հոգով եկեղեցու դուռ են փակում, դա չի նշանակում, որ ինքը ժողովրդի աջակցությունն ունի։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն իշխանության ամեն ինչ անել՝ ինչ դրվել է իր դեմ, և անում է։ Փաշինյանին պահող միակ ուժն Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռանկյունին է, որևէ այլ կողմ շահագրգռված չէ նրա իշխանությունը պահպանելու համար»,- հավելեց նա։
Տիգրան Քոչարյանը վստահ է՝ երբ սահմանները բացվեն, Հայաստանից մարդիկ սկսելու են գնալ, և որևէ մեկը չի կարող մեղադրել Կապանի, Գորիսի կամ Վարդենիսի բնակչին, որ Հայաստանը լքում է, քանի որ նա պաշտպանված չէ, և նրան պաշտպանող չկա։
«Ստեփանակերտի բնակիչն այսօր ավելի պաշտպանված է, քան Հայաստանի, որովհետև Ստեփանակերտի բնակչին պաշտպանում է ռուս զինվորը, իսկ ՀՀ բնակչին՝ Նիկոլ Փաշինյանը և Օնիկ Գասպարյանը»,- շեշտեց նա։
Անդրադառնալով գերիներին, Տիգրան Քոչարյանը հիշեցրեց՝ այն ժամանակ, երբ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը և Արայիկ Հարությունյանը փիառվում էին, քանի որ Հայաստան էր վերադարձվելու 44 հայ գերի, դրանից մի քանի ժամ առաջ Խծաբերդում տասնյակներով հայեր էին գերի ընկնում, որի մասին որևէ մեկը չխոսեց, տեղեկությունը հանրությունն իմացավ ադրբեջանական տեսանյութերից։