«Եթե թշնամու GPS-ով շարժվեն՝ քարտեզ-մարտեզ նրանց չի հետաքրքրում, ապա գյուղի ներքևի թաղամասը պետք է ամբողջությամբ հանձնվի թշնամուն». Շուռնուխի գյուղապետ

Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում բոլորին կոչ արեց զենքով ներկայանալ համայնքապետարան՝ Շուռնուխը թշնամուց պաշտպանելու համար։

«90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ վաղը ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի։ ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից, մնացել ենք ինքնապաշտպանական ջոկատների հույսին»,- ուղիղ եթերում ասաց Հակոբ Արշակյանը։

168.am-ի հետ զրույցում այսօր առավոտյան Հակոբ Արշակյանն ասաց, որ բազմաթիվ մարդիկ արդեն պատրաստակամություն են հայտնել զենքը վերցնելու ու գյուղը պաշտպանելու։

«Պաշտպանության նախարարությունը ոչ մի բան չի ասում, եթե իրենք բան ունեին ասելու, ապա հայկական զորքը տեղից չէին հանի։ Զորքը հանեցին ու գյուղը թողեցին գյուղացու ու մի քանի կամավորականների հույսին։ Ես չեմ կարծում, որ մեր զորքը նորից հետ կբերեն ու կկանգնեցնեն մեր դիրքերում։ Եթե թշնամու GPS-ով շարժվեն, քարտեզ-մարտեզ նրանց չի հետաքրքրում, ապա գյուղի ներքևի թաղամասը պետք է ամբողջությամբ հանձնվի թշնամուն։ Փորձելու ենք մինչև վերջ կանգնել, որպեսզի կարողանանք մեր հատվածը պահել ու չթողնենք մոտենան գյուղին»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին շտապում է  դիրքեր և երկար խոսել չի կարողանում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս