«Ես նման իշխանություն չեմ տեսել. պրոֆեսիոնալներին չեն լսում, բայց գիտելիքներով չեն փայլում». Անուշ Հովհաննիսյան

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվեց հուշագիր, որով նախատեսվում է կառուցել Իգդիր-Նախիջևան գազատար. այն դառնալու է ավելի մեծ գազատարի հիմքը, որը Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են կառուցել Մեղրիի միջանցքով։ Արդեն մտահոգություններ կան, որ այդ դեպքում գազատարի «անվտանգությունն» ապահովելու նպատակով թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ունենալու են լեգիտիմ հիմք գազատարի տարածքն իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնելու։

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ այդ գազատարը Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) ենթաճյուղերից մեկն է, և դրա մասին խոսակցությունը նոր չէ. «Դեռ 2010 թվականից, երբ խոսվում էր Կարս-Նախիջևան երկաթուղի կառուցելու մասին, նաև այդ գազատարի մասին էին լուրեր պտտվում: Նախիջևանի ենթակառուցվածքները հարստացնելը, տնտեսապես ակտիվացնելը Թուրքիայի համար գործիք էր՝ անընդհատ Ադրբեջանին կախվածության մեջ պահելու: Ներկայումս Նախիջևանը ադրբեջանական գազն է ստանում Իրանի տարածքով, որից Իրանը 15 տոկոսը՝ որպես տարանցիկ գոտի, պահում է իրեն, հետևաբար, այս ճյուղը եթե կառուցվի, դա պետք է նվազեցնի Նախիջևանի կախվածությունն Իրանից: Ընդհանրապես, վերջին շրջանում մենք տեսնում ենք Թուրքիայի ցանկությունը՝ կարծես թե, տարածաշրջանից աստիճանաբար դուրս մղել Իրանին: Այսինքն՝ դա նաև Իրանի ազդեցության գոտիները թուլացնելուն է ուղղված: Նախիջևանը Թուրքիայի վաղուցվա խորքային ծրագրերի մեջ առկա է եղել, դա է պատճառը, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, չունենալով սահման Նախիջևանի հետ, Թուրքիան հետևողականորեն քայլեր էր ձեռնարկում, որ Նախիջևանի հետ կապ ունենալու համար փոքր միջանցք ունենա: 1930-ականներին թուրք-իրանական տարածքների փոխանակման հետ կապված համաձայնագրերի շնորհիվ նա այդ անցումը ձեռք բերեց»:

Նա ընդգծեց՝ վերջին տարիներին Թուրքիան չափազանց ակտիվացրել է իր ներկայությունը Նախիջևանում և չի էլ թաքցնում, որ այնտեղ պետք է ստեղծվի Թուրքիայի տարածքից դուրս երրորդ ռազմաբազան.

«Թուրքիան արդեն Կատարում և Սուդանում ունի ռազմաբազաներ և Նախիջևանում նախատեսում է երրորդն ունենալ: Թուրքիայի այդ պլանները կարծես թե պետք է ընդունելի լինեն Ադրբեջանի համար և տեղավորվեն «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի մեջ, բայց, իհարկե, Ադրբեջանը գիտակցում է այն, որ Նախիջևանը Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի, ավելին՝ ինքը՝ Ադրբեջանը, անմիջական կապ չունի Նախիջևանի հետ, դրա համար Ադրբեջանի համար կարևոր է անմիջական կապ ստեղծել Նախիջևանի հետ, որպեսզի այդքան կախվածություն չունենա Թուրքիայից և Նախիջևանում ունենա վերահսկման լծակներ: Սա այն խնդիրն է, որը տարաձայնությունների առարկա է թուրք-ադրբեջանական հարաբերություններում, և հետագայում, երբ այս հարցերը բարձրանան, և նոյեմբերի 9-ի պայմանագրով կոմունիկացիայի խնդիրները դրվեն, մեր կողմից հմուտ բանակցողի կողմից այդ նյուանսները կարող են օգտագործվել: Իզուր չէ, որ Ադրբեջանը հիմա մեծ ակտիվություն կցուցաբերի՝ Նախիջևանի հետ ուղիղ կապը մեր տարածքներով ապահովել: Դա մեր ինքիշխանությունը և մեր վերահսկողությունը մեր իսկ տարածքների վրա թուլացնելու կամ պրոբլեմատիկ է դարձնելու: Սա ոչ միայն ռեսուրս է, այլ նաև խնդիր է՝ պատերազմում հաղթած երկու կողմերի՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար, և այդ խնդիրը եթե ոչ՝ մեր օգտին, ապա՝ գոնե ոչ ի վնաս մեզ օգտագործելը պահանջում է որոշակի հմտություն՝ այդ բանակցությունների սեղանին, որը չեմ տեսնում, որ հնարավոր է՝ այսօրվա գործող իշխանությունների կողմից»:

Թուրքագետի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանություններն ունակ չեն այդ խնդիրները լուծել. «Պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ նույն անհետ կորածների, գերիների հարցը, սահմանագծման աշխատանքները, բազմաթիվ կոնկրետ հարցեր չեն կարողանում լուծել: Այսօր լրիվ անորոշություն է: Մինչև պատերազմն Արցախի անվտանգության պատասխանատուն Հայաստանն էր, հիմա կարո՞ղ են իշխանությունները պատասխանել, թե Արցախը ո՞ւմ պատասխանատվության ներքո է: Այն, որ Հայաստանի անվտանգային համակարգը լրիվ խոցված վիճակում է, և մենք չենք հասկանում՝ վերջապես մեր կարգավիճակը ո՞րն է, սա գալիս է մեր իշխանությունների անզորությունից և անգործությունից: Ես չեմ տեսնում պոտենցիալ, որ այս իշխանությունները կկարողանան ապահովել դա: Բացի դրանից, ես բանակցություններում որոշակի նյուանսների մասին խոսեցի, որ կարելի է օգտագործել, բայց այս իշխանություններն այնքան ինքնավստահ են, որ չեն օգտվում կարող ուժերի խորհուրդներից: Ես նման իշխանություն չեմ տեսել, անկեղծ եմ ասում: Նախկինները, որոնց այդքան քննադատում ենք, այդ թվում՝ ես եմ նրանց քննադատում, բայց նրանք հատկություն ունեին, գիտե՞ք՝ մեզ հրավիրում, լսում էին: Սրանք զարմանալիորեն ինքնավստահ իշխանություն են: Եվ այս պարագայում, երբ նրանք որևէ պրոֆեսիոնալ մարդու չեն լսում, իրենք էլ բացարձակ այս հարցերում՝ քաղաքագիտության, պատմության և այլն, առանձնապես չեն փայլատակում իրենց ինտելեկտով, ես այդ խնդիրների լուծումը չեմ տեսնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս