«Մեր ներպետական օրենսդրության իմաստով՝ այդ փաստաթուղթն առոչինչ է». Սահմանադրագետ

Զինվորական դատախազության մոտ հավաքված մի խումբ իրավապաշտպաններ սպասում են, որպեսզի զինդատախազն ընդունի իրենց և պատասխանի իրենց հարցերին, որոնք առաջացել են արցախյան պատերազմից հետո։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխող ուժի դավադիր կառավարման արդյունքում արձանագրվել է 5 հազարից ավելի զոհ, հարյուրավոր գերեվարված ու անհայտ կորած անձինք, տասնյակ-հազարավոր վիրավորներ, 100 հազարն անցնող անօթևաններ։

«Չարաբաստիկ հայտարարությունը ստորագրելուց անցել է 1,5 ամիս և ի հայտ են եկել մի շարք հանգամանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական գործերի հարուցման համար։ Իրավաբանական համայնքը պետք է հետևողական լինի այդ գործերի հարուցման փաստին և ընթացակարգին։ Ինչպես տեսնում եք, հանրությունն իզոլյացված է որևէ տեղեկատվություն ստանալուց, այն դեպքում, երբ նախկինում ցանկացած մանրուք հանդիսացող գործի հետ կապված բազմերանգ տեսանյութեր էին նկարում ու հրապարակում։ Ես այսօր հետևյալ խնդիրը պետք է ասեմ՝ նոյեմբերի 9-ին այդ եռակողմ հայտարարությունը ստորագրելով, որը պարունակում է ակնհայտ հակահայկական դրույթներ և որը Նիկոլ Փաշինյանի կողմից փաթաթվեց հայ ազգի վզին՝ Փաշինյանի կողմից հերթական անգամ խախտվեց Սահմանադրական կարգը։ Այդ փաստաթուղթն իրենից ներկայացնում է միջազգային պայմանագիր, իսկ միջազգային պայմանագրի համար ՀՀ Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է  սահմանում, այսինքն՝ մեկ անձն իրավասու չէր ստորագրելու և ամբողջ պետության համար նմանատիպ պայմաններ պարտադրեր»,- նշեց նա։

Նա նաև շեշտեց, որ պետք է քրեական գործ հարուցվի նաև նրա համար, որ մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է անհամեմատ ավելի լավ պայմաններով պատերազմը դադարեցնելու հնարավորություններ։ Անգամ ՌԴ նախագահն է հայտարարել, որ հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանին տրվել է հնարավորություն հրադադարի՝ պահպանելով Շուշին։

«Ինչ վերաբերում է փաստաթղթի իրավական կարգավիճակին, այն ըստ էության մեր ներպետական օրենսդրության իմաստով առոչինչ փաստաթուղթ է, որովհետև մեր Սահմանադրությունն ունի հատուկ ներդրված հակակշռման և զսպման մեխանիզմներ, որպեսզի կանխվի մեկ անձի կողմից գնալ նմանատիպ իրավիճակների։ Այս պայմաններում պետք է իրավական համակարգը հետևողական լիներ և առնվազն մեկուսացներ գերագույն դավաճանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար»,- հավելեց սահմանադրագետը։

Տեսանյութեր

Լրահոս