Գերիներին կփոխանակեն տարածքներով. կա հայկական գյուղերը հատ-հատ վերցնելու հստակ մեխանիզմ. Ալեն Ղևոնդյան

Երեկ երեկոյան ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին տեսանյութեր և լուրեր այն մասին, որ գերի են վերցրել 100-ից ավելի հայ զինվորի։ Այս տեղեկության տարածումից անգամ ժամեր անց Հայաստանի և Արցախի պատկան կառույցները պահպանում էին լռություն, միայն այսօր առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում՝ պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը՝ հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալով պատկան կառույցների գործելաոճին, այն բնութագրեց շատ կարճ՝ գերատեսչական անտերություն։

Ըստ Ղևոնդյանի՝ գերատեսչական անտերություն է ոչ միայն Արցախում հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներում և համայնքներում, այլ նաև Սյունիքում։

«Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը գործընկերային հարաբերությունների մասով խզում ունեն։ Մենք իմանում ենք, որ ունենք 150 գերեվարված զինվոր ու կամավոր, և այս մասին տեղեկատվություն չի տրամադրվում, ստացվում է՝ ունենք ռազմական գործողությունների տեսակ՝ իսկ գերի վերցնելու գործընթացը հենց այդպիսին է, և մեր ստորաբաժանումների անվտանգությունն ապահովված չէ և այս ամենի դիմաց ունենք գերատեսչական անտերություն։ Այս իրավիճակն է նաև Սյունիքի մարզում, ավելին՝ նաև Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում, ինչի մասին չի հանրայնացվում։ Օրինակ՝ ոչ հեռու անցյալում արոտավայրեր են փոխանցվել Ադրբեջանի վերահսկողությանը, թեև նախնական պայմամավորվածությամբ կամ ստորագրված հայտարարությամբ դրանք եղել են հայկական վերահսկողության ներքո։ Մեծագույն հավանականությամբ գերիների փոխանակման ներքո այդ գյուղերն են հանձնվել Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան սադրանքների են դիմում, ամեն ինչ անելու են, որ ռուս խաղաղապահները դուրս գան, կամ նրանց լիազորությունները սահմանափակվեն»,- ասաց Ղևոնդյանը։

Խոսելով կապիտուլյացիոն ակտով հաստատված համայնքներից զատ՝ Ադրբեջանին հանձնվող այլ համայնքների մասին՝ Ղևոնդյանն ընդգծեց, որ Ադրբեջանը դրան հասնելու համար մշակել է հատուկ մեխանիզմ։

«Կա մեխանիզմ հայկական գյուղերը հատ-հատ վերցնելու։ Գերիներ են վերցնում, հետո սկսում են նրանց տարածքների դիմաց փոխանակել, ու այդ ռիսկը առկա է նաև Սյունիքի մարզում, որովհետև տեսնում ենք, որ Սյունիքի համայնքային սահմանները պահպանում են ՏԻՄ-երը. այսինքն՝ ադրբեջանական կանոնավոր բանակի դեմ կանգնում են Սյունքի կամավորները,- ասաց Ղևոնդյանը՝ շարունակելով,- Մենք կարող է վաղն ունենանք 200 գերի, որովհետև չունենք պետական իշխանության որոշում ընդունող շրջանակ, որը կարող է պատշաճ իրականացնել սահմանային անվտանգության խնդիրները»։

Ինչ վերաբերում է Սյունիքի շուրջ զարգացումներին, ապա, ըստ Ղևոնդյանի, այդ զարգացումների համատեքստում պետք է դիտարկել նաև թուրքական կողմից արվող հայտարարությունները՝ Ադրբեջանի կողմից Արցախի գրաված տարածքներում ռուս խաղաղապահների հետ իր ռազմական ներկայության վերաբերյալ։

«Պետք է հասկանալ, թե Սյունիքի ապագան ինչպիսին կլինի, Իրանի արձագանքն ինչպիսին կլինի, և մինչև որտեղ թույլ կտա Ռուսաստանն իր կարմիր գծերի խախտումը»,- ասաց Ղևոնդյանը՝ նշելով, որ արդեն իսկ ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների ապալեգիտիմացման քարոզչական գործընթաց է սկսվել, և տարօրինակ է, որ դրա մասն են կազմում նաև Արցախում որոշ շրջաններ։

«Ընդդեմ խաղաղապահների տեքստեր են հնչեցվում։ Հետաքրքիր է, որ նման տեքստեր հնչեցվում են նաև ադրբեջանական կողմից. ստացվում է՝ Արցախում և Ադրբեջանում խաղաղապահների դեմ ասում են նույն տեքստերը, ենթադրվում է, որ խաղաղպահների ինստիտուտի ապալեգիտիմացումը հետևողական քաղաքականություն է, և խնդիր կա՝ փոխել խաղաղապահների ծագումնաբանությունը»,- ասաց քաղաքագետը՝ որպես նման քարոզչության նպատակ դիտարկելով թուրք խաղաղապահների տեղակայումը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս