Ժողովրդի թասիբի կաթսան
Մոտ երկու ամիս առաջ, մեր երկրում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ, բարոյախրատական դասեր էր տալիս ժողովրդին, թե «Մեր երկրում այսօր պիտի թասիբը եռար, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պիտի լինեին թասիբի կաթսա, ու Սփյուռքի թասիբը եռում է։ Հայաստանում թասիբը դեռ այդքան չի եռում»:
Այսօր Հայաստանում վիրավորված, թշնամու ու հենց իր ղեկավարների կողմից նվաստացված ժողովրդի թասիբի կաթսան է եռում, բայց Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակում կամ Պարոնյան փողոցի կառավարական հանգստավայրում ծվարած վարչապետի մոտ ոչինչ չի եռում, իսկ թասիբն ու նամուսն էլ չեն արթնանում։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր, Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում հաղթական շքերթի ժամանակ, հնարավոր բոլոր եղանակներով վիրավորեցին ու նոր տարածքների գրավմամբ սպառնացին հայ ժողովրդին: Իլհամ Ալիևը նախ թվարկեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, հետո հասավ Հայաստանի տարածքներին՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։ Բայց վարչապետի թասիբի կաթսան ոչ եռում է, ոչ էլ քլթքլթում:
Բաքվի ռազմական զորահանդեսի ընթացքում թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերից զատ՝ ցուցադրվեց նաև հայոց բանակի՝ պատերազմի ընթացքում առգրավված զրահատեխնիկան։ Իսկ շքերթի մեկնարկից ժամեր առաջ Բաքվի փողոցներում շրջում էր հսկայական բեռնատար մի մեքենա, որը ծածկված էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոցված ավտոմեքենաների համարանիշներով։
Բայց վարչապետի կաթսայում ոչ արժանապատվություն կար, ոչ էլ թասիբ, որ եռար:
Ադրբեջանական մամուլը հեգնում ու ծաղրում է, թե՝ խոստանում էիք, որ Բաքվում կլինեն ձեր տանկերն ու զրահատեխնիկան, հիմա տեսեք, թե ինչպես և ում հաղթանակով իրականացան ձեր «երազանքները», տեսեք ու վայելեք:
Բաքվի կենտրոնում՝ Թուրքիայի նախագահն է ելույթ ունենում ու Հայաստանին խորհուրդներ տալիս, թե՝ «Հայաստանը պետք է խելք հավաքի։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքն իրենց ժողովրդին հասցրել են դժբախտության։ Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան»,- ասում է Էրդողանը: Բայց խորհուրդներով չի սահմանափակվում, նաև սպառնալից զգուշացնում է, թե՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը շարունակում է լուռ մնալ, թասիբի կաթսան չի եռում:
Այդ նույն ֆեյսբուքյան ինքնարտահայտմամբ, 2020թ․ հոկտեմբերի 26-ին նա նաև հայ ժողովրդի անունից, առանց այդ ժողովրդի կարծիքը ճշտելու, ինքն իրենց հարց տվեց ու պատասխանն էլ անմիջապես գտավ, հայտարարեց․ «Հայ ժողովուրդը պատրա՞ստ է փոխզիջումների, այո՛, ես կարծում եմ՝ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի։ Ոչ, հայ ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի ու հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի իր իրավունքները պաշտպանելու»:
Բայց այդ ժամանակ հայ ժողովուրդը չպատկերացրեց, որ իր իրավունքները պաշտպանելու ռեսուրսներ ինքը պետք է գտնի, որ ադրբեջանցի զինվորի հետ ինքը պետք է բանակցի, առնվազն՝ ժամանակ խնդրի, որպեսզի հասցնի անհրաժեշտ իրերը հավաքել ու լքել հայրենի տունն ու բնակավայրը: Հայ ժողովուրդն ինքը պետք է ռեսուրսներ, զինվորական համազգեստ, զրահաբաճկոն, դեղորայք գտնի հայրենիքը պաշտպանելու համար: Հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի Արցախից մազապուրծ եղած իր հայրենակիցներին պահելու, կացարան տրամադրելու համար, ինքը պետք է հանգանակություն անի, փոխանցի տարբեր հիմնադրամների, իսկ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի որոշմամբ էլ հիմնադրամից գումարը փոխանցվի պետական բյուջե՝ հավանաբար Վարչապետի գուրգուրած պարգևավճարների համար: Իսկ երբ անհիմն պարգևավճարների մասին խոսում են՝ նրա կաթսան անմիջապես եռում է ու այն էլ՝ ինչպես․․․
Լավ, եթե ռեսուրս չունեք, թասիբ չունեք, կաթսան էլ չի եռում, ի՞նչ եք անում՝ հայ ժողովրդի ռեսուրսի վրա նստած: Չեք օգնում, գոնե մի խանգարեք ու ձեր «անեռ», անբովանդակ ելույթներով մեկ անգամ էլ մի նվաստացրեք մարդկանց։ Հայ ժողովուրդը իր իրավունքները պաշտպանելու ռեսուրս էլ ունի, թասիբ էլ, կաթսան էլ արդեն վաղուց եռում է:
Շուշի Գարագաշ