Խաղ անձնական

Բոլոր ընտրություններից առաջ հայաստանյան կյանքում կեղծիքի չափաբաժինը զգալիորեն ավելանում է: Այս ընտրությունները ևս բացառություն չեն: Սակայն նախորդներից տարբերվում են նրանով, որ կեղծում են, առանց բացառության, բոլորը: Խոսքը ոչ թե ընտրակեղծիքի, այլ հասարակության հետ հարաբերություններում քաղաքական ուժերի կեղծ վարքագծի մասին է: Եթե նախկինում գոնե ընդդիմությունը պահպանում էր ազնվության որոշակի սահմաններ, ապա այս ընտրություններին ընդդիմադիր համարվողները չեն զիջում իշխանություններին: Դրա մասին են վկայում այն «ուղերձները», որոնցով կուսակցությունները ներկայանում են հասարակությանը, թեև իրականում նրանք այդ ուղերձներով խոսում են ավելի շատ միմյանց և իշխանության հետ: Գրեթե բոլոր ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, մասամբ` նաև ՀԱԿ-ը, հայտարարում են, որ ցանկանում են համախմբվել «ընդհանուր գաղափարի», «երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղիների» և այլ գեղեցիկ, բայց անիրական կատեգորիաների շուրջ: Ընդ որում, այս ուժերի մի մասն` ի դեմս ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի, առաջարկում է համախմբվել, ասենք, խորհրդարանական կառավարման կարգի շուրջ, մյուս մասը` ի դեմս ՀԱԿ-ի` ցանկանում է համախմբվել ընդդեմ Սերժ Սարգսյանի: Արդյունքում, եթե նույնիսկ համախմբվում են, ապա` իշխանությունն ինչ-որ կերպ կիսելու շուրջ: Ընդհանրապես, քաղաքականության մեջ համախմբման գաղափարն ինքնին կեղծ է: Հատկապես ընտրություններից առաջ, քանի որ ընտրությունները ոչ թե համախմբման, այլ մրցակցության համար են: Քաղաքական ուժերի կողմից ներկայացվող մյուս ամենամեծ կեղծիքն այն է, որ իրենք «անձի խնդիր չեն դնում»: Դա առնվազն ծիծաղելի է, քանի որ Հայաստանում` առանց բացառության, բոլոր կուսակցությունները հիմնված են անձերի վրա, բոլորում անձի պաշտամունքը վեր է ամեն ինչիցգ ու այդ ուժերը հայտարարում են, թե իրենք անձի խնդիր չեն դնում: Այս առումով, թերևս, ամենաազնիվը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին: Մնացած բոլոր ուժերն ամեն ինչ անում են հատկապես իրենց թեկնածուին «համախմբող» դարձնելու համար, սակայն դա ներկայացնում են` որպես վերանձնական, ազգի շահերից բխող անձնազոհություն:

Տեսանյութեր

Լրահոս