«Եթե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ուլտիմատումն ընդունում է, ինչի՞ ժողովրդի ուլտիմատումը չպիտի ընդունի». քաղաքագետ
«Մենք այստեղ ենք, որպեսզի շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը՝ այդ պահանջը հետևյալն է՝ մենք մինչև երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի-որոշում ընդունի՝ հրաժարական տա և հեռանա»,- դեկտեմբերի 5-ին Կառավարական առանձնատների մոտ համապետական հանրահավաքի պահանջներն ամփոփեց «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Այսպիսով, ընդդիմության միասնական պահանջը հայտնի է, հայտնի է նաև նրանց կողմից առաջադրված վարչապետի միասնական թեկնածուի անունը, անհայտ է միայն վարչապետի հրաժարականի հեռանկարը: Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:
Քանի որ ժամանակավոր կառավարության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ևս չխուսափեց վերջին 2.5 տարիների հայտնի բաժանարար միտումներից՝ «սևուսպիտակ», «հինունոր», «նախկին-ներկա», անգամ ուղղորդված հակաքարոզչություն սկսվեց նրա դեմ, Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ Վազգեն Մանուկյանը կարո՞ղ է այս իրավիճակում դառնալ ժողովրդի կողմից ընդունված վարչապետ, արդյո՞ք այս պահի համար նա ճիշտ թեկնածու է, ընդդիմության կողմից այդ ընտրությունը ճի՞շտ է կատարվել:
«Եթե մենք հարցը դնում ենք այսպես՝ Վազգեն Մանուկյանը ճի՞շտ թեկնածու է, թե՞ ոչ, ապա այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է հասկանանք՝ իսկ ի՞նչ խնդիր է դրված Վազգեն Մանուկյանի առաջ, և այդ խնդիրներից ելնելով՝ կարող ենք արդեն տեսակետ հայտնել՝ ճիշտ ընտրություն է արված, կամ՝ ոչ:
Առաջին խնդիրն այն է, որ այդ քանակությամբ մարդիկ, 17 կուսակցություններ, «Հայրենիքի փրկության կոմիտե»-ն կարողացել են գալ համաձայնության մեկ թեկնածուի շուրջ. սա արդեն փաստ է: Առավել ևս, որ Հայաստանի քաղաքական կյանքում «համաձայնություն» բառը մի քիչ արտասովոր է եղել միշտ: Այսինքն՝ ինչ-որ հատկություններ ունի այդ մարդը, և առաջին հատկություններից մեկն այն է, որ ճգնաժամային կառավարման փորձ ունի, կարողանում է տարբեր քաղաքական ուժերի համախմբել: Մենք տեսել ենք դա և՛ Ղարաբաղ կոմիտեի ստեղծման ժամանակ, և՛ վարչապետ եղած ժամանակ Խորհրդային Միության փլուզման տարիներին, և՛ Պաշտպանության նախարար եղած ժամանակ, տեսել ենք նաև 1996 թվականին, երբ միասնական թեկնածու էր, և՛ հիմա նույնպես ճգնաժամային իրավիճակ է, այդ մարդու շուրջը հավաքվել են տարբեր քաղաքական ուժեր:
Երկրորդ խնդիրը, որ՝ ինքն իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը և մեկ տարվա ընթացքում պետք է երկիրը պատրաստի ընտրությունների, ինչպես նաև՝ այս ճգնաժամային վիճակից դուրս բերի: Նաև՝ պարտավորվում է չհավակնել վարչապետի թեկնածությանը և ընտրություններին չմասնակցել: Սա նույնպես շատ կարևոր գործոն է: Այսինքն՝ սա այն է, ինչ պետք է արվեր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց Նիկոլ Փաշինյանն իշխանության համար էր պայքարում, այլ ոչ թե՝ նոր քաղաքական համակարգ ձևավորելու:
Այս հիմնական խնդիրներն են, որից ելնելով, ես կարծում եմ, որ, այո՛, ճիշտ թեկնածու է: Եթե կան այլ թեկնածուներ, լավ կլիներ, որ մարդիկ մատնանշեին նրան՝ այս խնդիրները լուծելու առումով»,- ի պատասխան՝ նշեց քաղաքագետը:
Մեր դիտարկմանը, թե վաղն արդեն ընդդիմադիր ուժերի կողմից նախանշած վերջնաժամկետն է, և հարցադրումին, թե ո՞ր սցենարն է կանխատեսելի՝ ականատես կլինենք վարչապետի հրաժարականի՞ն, թե՞ կշարունակվեն անհնազանդության ակցիաները, Ստեփան Դանիելյանն արձագանքեց, որ կանխատեսումներ չի անում և կխոսի իր անունից, թե ինչ կաներ ինքը նման իրավիճակում.
«Կհայտարարեի ստվերային կառավարություն: Կառավարության կազմը կհայտարարեի, տարածքը կնշեի՝ որտեղ է գործելու, և այդ կառավարությունը կսկսեր զուգահեռ աշխատել:
Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի տարբեր մարզեր, համայնքներ կհամախմբվեին այդ կառավարության շուրջը, և ռեալ կառավարումը կանցներ այդ համաժողովրդական, ստվերային կառավարությանը: Փաստի առաջ կանգնեցվելով՝ իշխանությունը կփոխվեր ինքնիրեն»:
«Փաստը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ուլտիմատումներ ընդունող մարդ է. եթե Ադրբեջանի ուլտիմատումն ընդունում է, ապա ինչի՞ ժողովրդի ուլտիմատումը չպիտի ընդունի:
Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, առավելևս՝ որպես վարչապետ, վերջացած է, չկա: Հիմա՝ ինչի՞ համար է այսքան ձգձգում, ինձ համար անհասկանալի է. Ձգձգելով՝ իր անձնական վիճական ավելի է խորացնում, բայց համենայն դեպս, եթե հրաժարական չտա, ապա իր անձնական ճակատագիրը մի քիչ մշուշոտ է»,- եզրափակեց քաղաքագետը: