«Եթե մինչև երեքշաբթի օրը, ժամը 12-ը չհեռանա, կհեռացնենք և վերջ». Իշխան Սաղաթելյան

Կառավարական առանձնատների մոտ այսօրվա համապետական հանարահավաքի պահանջներն ամփոփեց «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. «Մենք այստեղ ենք, որպեսզի շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը՝ այդ պահանջը հետևյալն է՝ մենք մինչև երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս որպեսզի Նիկոլը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի- որոշում ընդունի՝ հրաժարական տա և հեռանա:

Նիկո՛լ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որևէ պայմանավորվածություն, որևէ պայման չենք կարող ունենալ. մենք ունենք մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ: Մենք երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը և խոստանանք, որ ֆիզիկական հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ հասկանում է բոլորի վրդովմունքը, սակայն խնդրեց սադրանքների չտրվել. «Իրավական ճանապարհով, եթե մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը, Նիկոլը չհեռանա այստեղից, բոլորիդ անունից հայտարարում ենք, որ ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության բողոքի ակցիաների:

Ուրեմն, Նիկոլն ունի մինչև երեքշաբթի ժամը 12-ը ժամանակ.  որևէ պայման չենք ընդունելու, որևէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ:

2.5 տարի առաջ, այս շենքում ապրող խաբեբա սրիկան ասում էր՝ եթե ժողովուրդը չցանկանա, ես կհեռանամ, հիմա ամբողջ ժողովուրդն ասում է՝ հեռացիր և վե՛րջ:

Մենք պայմանավորվել ենք՝ ժամանակ ենք տալիս մինչև երեքշաբթի ժամը 12-ը: Գնում ենք պատրաստվելու երեքշաբթի օրվա բողոքի զանգվածային ակցիաների. եթե մինչև երեքշաբթի չհեռանա, կհեռացնենք և վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս