ԲՀԿ-ն ցանկանում է ցրել խորհրդարանը

ՀՅԴ Գերագույն մարմինն այսօր հրապարակած հայտարարությամբ փաստացի արձանագրեց, որ ընդունում է նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած օրակարգով, նույնն է թե` ԲՀԿ-ի առաջնորդությամբ մասնակցելու առաջարկը: Դե ֆակտո այդ մասին հայտարարել են նաև «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Իհարկե, դեռևս ոչ կուսակցական հայտարարություններով, սակայն ողջույնների ու ԲՀԿ-ի առաջարկած խորհրդակցություններին մասնակցելու մասին մտածելու վերաբերյալ խոստումներով:

Բնականաբար, և ՀՅԴ-ականները, և «Ժառանգությունը», նաև ՀԱԿ-ը կհայտարարեն, որ իրենք շատ ավելի վաղ են խոսել ու առաջարկել խորհրդարանական կառավարման ու 100 տոկոսանոց ընտրական համակարգին անցման մասին: Սակայն ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում դրանք ոչինչ չասող հայտարարություններ կլինեն. փաստն այն է, որ այսօր ոչ իշխանական ամենախոշոր ուժը` ԲՀԿ-ն է սահմանել այդ խաղի կանոնը, որով փաստացի համաձայն են խաղալ բոլորը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»:

Ընդ որում, կարծես նշված բոլոր ուժերի և ԲՀԿ-ի մեջ լռելյայն համաձայնություն է եղել այն մասին, որ առաջինը խորհրդարանական կառավարման ու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին նման մեծ «շուքով»` որպես նախագահական ընտրություններից առաջ ներկայացվող պլատֆորմ, պետք է հանդես գա հենց ԲՀԿ-ն: Պատահական չէ, որ վերջին ամիսներին նշված ուժերից որևէ մեկի ներկայացուցիչներն առանձնապես շատ չէին ծավալվում այդ թեմաների շուրջ, թեև ի սկզբանե ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» են եղել դրանց մասին բարձրաձայնողները:

ԲՀԿ-ն դեռևս հայտարարել է ընդամենը խորհրդարանական կառավարման համակարգին ու 100 տոկոսանոց համամասնական  ընտրակարգին  անցնելու ընդհանուր գաղափարի մասին` բոլոր դետալները թողնելով իր առաջարկն ընդունած քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններին: Սակայն սատանան, ինչպես ասում են, դետալների մեջ է թաքնված, և ԲՀԿ-ի հանդիպումներն այդ կուսակցությունների հետ` առնվազն դետալների մասով, իրականում լինելու են ոչ թե խորհրդակցություններ, այլ բանակցություններ` քաղաքական առևտրի բոլոր կանոններով:

Ավելի պարզ ասած, ԲՀԿ-ն իր առաջարկն ընդունած բոլոր ուժերին պետք է հստակ ներկայացնի, թե ինչ է առաջարկում նրանց` իր կամ իր թեկնածուի շուրջ համախմբվելու դիմաց: Ենթադրենք, բոլոր ուժերն ընդունում են ԲՀԿ-ի ներկայացրած պլատֆորմը և հանուն այդ պլատֆորմի՝ համախմբվում ու պաշտպանում են ԲՀԿ-ի թեկնածուին: Ո՞րն է այդ դեպքում լինելու նրանց շահը նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում: Նախարարական պորտֆելնե՞րը նոր կառավարությունում: Դա, մեղմ ասած, ճիշտ չի հասկացվի այն առումով, որ նրանց համախմբման «հենքը» լինելու է անցումը խորհրդարանական համակարգին, որի դեպքում գործադիր իշխանությունը` ներկայիս կառուցվածքով, չպետք է շարունակի գործել:

ԲՀԿ-ն իր հետ համագործակցող ուժերին՝ այս պլատֆորմի դեպքում, ամենայն հավանականությամբ, կառաջարկի մեծացնել յուրաքանչյուրի ներկայությունը խորհրդարանում: Ընդ որում, խոսքը հազիվ թե կարող է վերաբերել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, քանի որ Հայաստանի նման անկայուն քաղաքական համակարգում կուսակցություններն այդքան երկար ժամկետով գործարքներ կամ համաձայնություններ չեն կնքում:

Ավելի հավանական է, որ ԲՀԿ-ն իր հետ համագործակցող ուժերին կխոստանա նախագահական ընտրություններում իր թեկնածուի հաղթանակի դեպքում՝ լուծարել ներկայիս խորհրդարանը և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել` արդեն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով: Այս համատեքստում, ի դեպ, արժե հիշել «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` օրերս արած հայտարարությունը, որ նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կունենա նոր խորհրդարան:

Վերը նշվածն, իհարկե, չի նշանակում, թե ամեն ինչ հենց այդպես էլ լինելու է: Պարզապես սա այն խայծն է, որը կարող է համախմբել ոչ իշխանական բոլոր ուժերին: Բայց այստեղ կարևոր է ևս մեկ դետալ. եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, և դրանցում մեծամասնություն կազմի ԲՀԿ-ն (ակնհայտ է, որ հենց դա է ընկած ԲՀԿ-ի հաշվարկի հիմքում), ո՞վ է լինելու ԲՀԿ-ի` վարչապետի թեկնածուն արդեն նոր` խորհրդարանական կառավարմամբ ու վարչապետի լայն լիազորություններ ունեցող երկրում: Բնականաբար, ամենահավանական թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ բոլոր այն ուժերը, ովքեր ներկայումս համաձայնում են քննարկել ԲՀԿ-ի առաջարկը, այդ տարբերակը հաշվի են առնում: Հետևաբար, նրանք առնվազն չեն բացառում Քոչարյանին ապագայում վարչապետի, դե ֆակտո՝ նախագահի պաշտոնին բերելու հնարավորությունը:

Հ.Գ. Այս սցենարը կարող է չգործել կամ միանգամայն այլ ընթացք ունենալ, եթե ԲՀԿ-ն, բոլոր ուժերի հետ խորհրդակցելուց հետո, վերջնական խորհրդակցությունն անցկացնի գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ դա ոչ միայն բացառված չէ, այլև շատ հավանական է: Որքան էլ ՀՀԿ-ականները կոշտ որակումներով պատասխանեն ԲՀԿ-ի առաջարկին:

 

Տեսանյութեր

Լրահոս