«Ազատվել եմ ԱԱԾ-ում զբաղեցրածս պաշտոնից». Գրիգորի Թավադյան

ԱԱԾ աշխատակիցները զանգվածաբար լքում են համակարգը։ ԱԱԾ ծառայող, մայոր Գրիգորի Թավադյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է՝ սեփական դիմումի համաձայն ԱԱԾ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։

«Ազգային անվտանգության ծառայության հարգարժան գործընկերներ

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից:

Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր Հայրենիքն առավել անվտանգ և ամուր տեսնելու երազանքն ու այդ երազանքին հասնելու համար որևէ ջանք չխնայելու երդումս:

Երախտապարտ եմ իմ բոլոր ղեկավարներին և գործընկերներին՝ այս տարիների համատեղ ծառայության համար: Ինձ համար մեծ պատիվ էր այս ճանապարհն անցնել ձեզ հետ միասին: Ես մշտապես զգացել եմ բոլորիդ հարգանքը, մասնագիտական աճ ունեցել գրեթե բոլոր ղեկավարների օրոք, ինչից էլ ներշնչվել է այն վստահությունը, թե միասին օրեցօր ավելի ենք մոտենում մեր երազանքների Հայրենիքին:

Ուզում եմ վստահեցնել բոլորիդ, որ այսօրվա իմ որոշման հիմքում չկա որևէ քաղաքական հաշվարկ: Պարզապես ինձնից նենգաբար գողացել են իմ երազանքը, և սպային բնորոշ լռությունն ու չեզոքությունը պահպանելն այլևս վեր է իմ ուժերից։

Երկրի վարչապետի ապաշնորհ և անհեռատես կառավարման արդյունքում մեր հասարակությունը ծայրաստիճան պառակտվեց, մենք կորցրինք մեր մեծ հայրենիքի այն մասը, որը երբեք թշնամու կողմից գրավված չէր եղել, և սերունդ, որը երբեք պարտություն չէր տեսել:

Այսօր, առավել քան երբևէ, երկրի ղեկավարի քաղաքական անկարողությունը կործանարար է մեր հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում, որոնցից ամենահրատապներն, անշուշտ, անհետ կորածների և գերիների հարցերն են:

Դեռևս հույս եմ հայտնում, որ պետությանը պատվով ծառայած սպայիս նման կտրուկ որոշումը իր տեղում և չափով որևէ կերպ կներազդի երկրի վարչապետի կողմից իրականությանը վերջապես առերեսվելուն՝ ի նշան անձնական և հանրային բողոքի։ Անասելի սեղմ է այն ժամանակը, որում նա պետք է սթափ գնահատի իր հեռանալու և նոր, կարող ուժերի համար ճանապարհ բացելու անհրաժեշտությունը։

Անվտանգ ծառայություն եմ մաղթում բոլոր համածառայակիցներիս և ամուր հավատ՝ մեր ընդհանուր երազանքի հանդեպ։

Պատիվ ունեմ:

Գրիգորի Թավադյան

Տեսանյութեր

Լրահոս