Չպետք է երկիրը և ժողովրդին նոր փորձությունների տանել. իշխանությունը պետք է անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան
168.am-ը «Տաշիր գրուպի» համասեփականատեր Կարեն Կարապետյանին հարց ուղղեց՝ երկրում տիրող իրավիճակի և ներքաղաքական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջի մասին.
«Եթե հիշում եք՝ 2018 թվականին, լինելով իշխանության մեջ, ասել էի՝ իրական իշխանությունը դրսում է՝ փողոցում է, և դրսում գտնվող ուժերն էլ պետք է որոշեն, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը: Այսօր էլ նույն մոտեցումն է. իշխանությունը փողոցում է և իշխանությունից դուրս ուժերն էլ պետք է որոշեն՝ ով է լինելու հաջորդ իշխանությունը, վարչապետի թեկնածուն: 2018-ին մարդիկ ըմբռնումով ընդունեցին այդ փաստը և անցնցում հեռացան իշխանությունից: Նույնը հիմա պետք է լինի: Առհասարակ պետք է մեր երկրում քաղաքական մշակույթ ձևավորվի և այն ուժերը, որոնք կորցնում են հանրային վստահությունը, այն է՝ ռեալ իշխանությունը, պետք է իշխանությունը անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան: Չպետք է երկիրը և ժողովրդին նոր փորձությունների տանել: Բազմաթիվ փորձություններ ենք անցել, բավակա՛ն է»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե ում է պատկերացնում վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Իմ կարծիքն այդ հարցում խիստ սուբյեկտիվ կարող է լինել, այնպես որ, հենց դրսում գտնվող ուժերն իրենք թող որոշեն՝ ում դեմքով են ներկայանում որպես իշխանություն»:
Հիշեցնենք, որեկ ԶԼՄ-ներում արդեն լուրեր տարածվեցին, որ այսօր ընդդիմադիր ուժերը հայտարարելու են ՀՀ վարչապետի պաշտոնի համար իրենց միասնական թեկնածուի անունը։ Խոսքը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։ Նա այն կոմպրոմիսային թեկնածուն է, որի ժամանակավոր վարչապետ նշանակվելուն համաձայնել են ընդդիմադիր քաղաքական ուժերը։