«Խփելու են Զոդին, Զոդը կփախնի, Զոդը փախավ՝ Վարդենիսն էլ կփախնի, Վարդենիսը փախավ՝ Մարտունին էլ կփախնի, այսպիսի վիճակ է». քաղաքացին՝ պատգամավորին

«Գիշերը եկել, մեզ ասել են՝ դուրս եկեք, 8 կիրոմետր մեր տարածքով եկել են, մտել հանք, քարտեզով ցույց են տվել, թե՝ դուրս եկեք, սա մեր տերիտորիան է, ղեկավարությունն էլ մեզ մեքենայով ապահովել է, իջել ենք ներքև»,- քիչ առաջ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն իրենց բողոքն արտահայտելով՝ ասացին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին։

«Սաղս շիվար կանգնել ենք, սպասում ենք տեղեկության՝ կաշխատե՞նք, թե՞ չենք աշխատի, այդ վիճակն է հիմա»,- ասացին ոսկու հանքի աշխատակիցները:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ այս ընթացքում հանդիպել է նախագահին, վարչապետին, ՌԴ դեսպանին և բոլոր այդ հանդիպումների ժամանակ այս խնդիրը եղել է իր աչքի առաջ, որովհետև գիտեր, թե ինչ է սպասվելու:

«Ես ունեմ բոլոր հավաստիացումները, որ ամեն ինչ արվելու է, հանքն աշխատելու է, այսինքն՝ այն, որ հանքը կաշխատի, գրեթե բոլորը վստահ են: Հիմա հանքի աշխատանքի ծավալների մասին է խոսքը, 80 տոկոսով, 20 տոկոս իրենց կմնա, չգիտեմ՝ ոնց կպայմանավորվեն, ամեն դեպքում ամեն ինչ արվում է, որպեսզի ամբողջ թափով հանքն աշխատի, սա է գլխավոր խնդիրը»,- ասաց պատգամավորը:

Հանքի աշխատակիցները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է սահմանին կանգնած ադրբեջանական, և ոչ՝ հայկական կողմը.

«Մենակ իրենք են, մեզնից ոչ մեկը չկա: Իրենք որտեղ ուզում՝ դրոշակ են դնում: Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը եկավ, ասաց՝ ով սահման խախտի՝ ինքնասպանություն է, իր բերանի ասածն եմ ասում, հիմա եկել, մեր սահմանը մտել են, մեր երեխեքին, մեր ժողովրդին ասել են՝ դուրս եկեք, մարդ չի եղել, որ ասի՝ ո՞ւր եք գնում»:

Թագուհի Թովմասյանը մանրամասներ հայտնեց ռազմական ղեկավարության հետ ունեցած իր զրույցից.

«Իրենք ասում են, որ մենք դիրքավորվելու ենք, սահմանից 100 մետր այն կողմ իրենք են կանգնելու, 100 մետր հետ մենք ենք կանգնելու, սահմանի երկայնքով թողնելու ենք մոտ 200 մետրանոց չեզոք գոտի՝ մեր անվտանգության համար: Այս ամենը դեռ վերջնական փուլում չէ, բանակցությունները դեռ շարունակվում են, որովհետև միայն Սոթքը չէ, որ մենք պետք է կանգնենք, ցավոք սրտի, մինչև Ջերմուկ պետք է հասնի: Հիմա ամբողջ երկայնքով պետք է գծվի սահմանը…»:

Գյուղացիներն իրենց մտահոգությունը հայտնելով՝ նշեցին, որ հենց թուրքն այդ հատվածում նստեց՝ սկսելու են հարվածներ հասցնել.

«Խփելու են Զոդին, Զոդը կփախնի, Զոդը փախավ՝ Վարդենիսն էլ կփախնի, Վարդենիսը փախավ՝ Մարտունին էլ կփախնի, այսպիսի վիճակ է: Այդ մեր կառավարությունը պետք է իմանա, հարցը հանքը չէ, մենք 10 օր կսպասենք: Եթե իրենք այդ դիրքերը վերցնեն՝ մեր ամբողջ տարածքը՝ մինչև Վարդենիս, տեսանելի է լինում, Վարդենիսը կռմբակոծեն, 100 տոկոսով բան եմ ասում, թուրքն այդ կենդանին է, իրենց բռի մեջ է դառնում Վարդենիսը»:

Տեսանյութեր

Լրահոս