«Քաղաքականությունը, պաշտոն պահելը 0 է՝ մի զինվորին գտնելու դիմաց». Արթուր Վանեցյանը՝ անհետ կորածի հորը
«Մեր երկրում այսօր ամենակարևոր հարցը մեր անհետ կորածների և գերեվարված զինվորների ճակատագրերը պարզելու և վերադարձնելու հարցն է»,- այսօր կառավարության դիմաց ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իրեն մոտեցած զինծառայողի հորը, թե իրենք ի՞նչ են անում անհետ կորածներին և գերի ընկած զինծառայողներին գտնելու և վերադարձնելու հարցով:
Վանեցյանը նշեց, որ ընդդիմության հնարավորությունները սահմանափակ են, և, որ իշխանություններին ուզում են բացատրել, որ իշխանության համար պայքարելու փոխարեն՝ առաջնահերթությունը պետք է տան անհետ կորած զինվորների ճակատագրերին:
«Քաղաքականությունը, պաշտոնը, պաշտոն պահելը, պաշտոնի գալը, այդ ամեն ինչը 0 է՝ մի զինվորին գտնելու դիմաց, ամենակարևոր հարցը դա է: Ես երկար տարիներ աշխատել եմ ԱԱԾ-ում, ունեմ անձնական կապեր, բայց ես պետություն չեմ, որ զանգ տամ հիմա, ինչ-որ մեկի հետ խոսեմ, մի բան ասեմ, այս շենքում նստած մարդը վեր է կենալու, ասելու է՝ Վանեցյան Արթուրը գնացել է, եսիմինչեր է անում, սրա ընկերն է, սրա շպիոնն է, մանիպուլյացնելու է: Թող կանչի բոլոր կարող մարդկանց, դնենք մի կողմ բոլոր քաղաքական անհամաձայնությունները, քաղաքական պայքարը, ասենք՝ եկեք սաղս կպնենք իրար հետ, ամեն մեկս գնա մի տեղ, գոնե, որ ամեն մեկը 1 զինվոր էլ գտնի, ձեր աչքերում…»:
Զինծառայողի հայրը հետաքրքրվեց, թե այս առաջարկն արե՞լ են վարչապետին, ինչին Վանեցյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանն իրենց չի լսում.
«Ինքն առավոտից իրիկուն ասում է՝ դուք դավաճան եք: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների առջև, կորածներին գտնելու հարցն ամենակարևորն է, մենք ուրիշ հարց չունենք, եթե հիմա հանձնարարվի մեզ բոլորիս, իմ մասով եմ ասում՝ գնա, այդ հարցով զբաղվի, ոչ մի քաղաքական պրոցեսի չեմ մասնակցելու, մինչև այս ամեն ինչի հարցերը չլուծենք»:
Վանեցյանն ընդգծեց, որ իրենք պաշտոնի կռիվ չեն անում, այլ ասում են՝ թող գան մարդիկ, որոնք կկարողանան գործ անել.
«Այս մարդիկ գործ չեն անում, բացի շոուից: Կանչում են, նստացնում, ասում են՝ մենք ենք մեղավոր, ժողովուրդ ջան…»:
Մանրամասները՝ տեսանյութում