Պոլիկլինիկաներում լոգոպեդի ծառայությունը երբեք անվճար չի եղել
Լոգոպեդի ծառայությունը երբեք անվճար չի եղել պոլիկլինիկաներում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը՝ անդրադառնալով 168.am-ի խմբագրություն դիմած քաղաքացի Անի Աբրահամյանի դժգոհությանը՝ 2012թ. ապրիլի 1-ից Հայաստանում լոգոպեդի` նեղ մասնագիտական ծառայությունը վճարովի դարձնելու կապակցությամբ:
«Լոգոպեդը բժշկական մասնագիտություն չէ, լոգոպեդը մանկավարժական մասնագիտություն է, և շատ քիչ պոլիկլինիկաներում մենք ունենք լոգոպեդի կաբինետ. մեր ֆինանսավորումը պոլիկլինիկական կաբինետներին՝ պարտադիր նշվում է չորրորդ կաբինետը, և հինգերորդը չի ֆիքսվում՝ որ կաբինետը. գրվում է «այլ կաբինետ»:
Եվ մենք գրել ենք, եթե «այլի» տակ տվյալ բուժհաստատության տնօրինությունն ուզում է լոգոպեդի պահել, կարող է պահել և անվճար իրականացնել այդ ծառայությունը: Եթե «այլի» տակ լոգոպեդը չի ընկնում, ապա իր ծառայությունը վճարովի է: Ոչ մի գին ֆիքսված չի դրա մասին, որ՝ սա անվճար է կամ վճարովի: Դա մանկավարժական գործունեություն է, բժշկական մասնագիտություն էլ չի: Եվ ինքը պարտադիր որպես կաբինետ չկա պոլիկլինիկաներում. ուղղակի հնից մի քանի պոլիկլինիկաներ ունեցել են, պահպանել են այդ կաբինետները: Սա է իրականությունը»,- նշեց Կարինե Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ Անի Աբրահամյանը բողոքում էր, որ իր երեխան խոսքի թերություն ունի, և, դիմելով տեղամասային պոլիկլինիկա, նա իմացել է, որ լոգոպեդի ծառայությունը վճարովի է. «Պարզվեց` լոգոպեդի ծառայությունը վճարովի է` ամսական 10.000 դրամ: Վճարեցի, մեկ ամիս գնաց, բայց դա շատ քիչ էր: Նման արատի համար մասնագետներն ասացին, որ երեխան շատ երկար պիտի հաճախի մասնագետի մոտ, որպեսզի հասնեն արդյունքի` գուցե 1 տարի, գուցե մի քիչ ավելի կամ պակաս: Բայց ես ինչպե՞ս կարող եմ այդքան երկար ժամանակ վճարել: Իմ երեխան ինչո՞վ է պակաս մյուս երեխաներից, որ, օրինակ, ակնաբույժին կամ վիրաբույժին դիմող երեխային պիտի անվճար ընդունեն, իսկ լոգոպեդի մոտ` վճարովի: Իմ երեխան մեղավո՞ր է, որ նրա աչքը չի հիվանդ, այլ խոսքը»: