«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ». Գեղամ Մանուկյան

Այսօր ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անժամկետ հացադուլ է սկսում  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նա նշեց, որ ՀՀ վարչապետը փլուզել է մեր արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների, նաև այլ երկրների հետ:

«Նիկոլ Փաշինյանը 2.5 տարվա ընթացքում իր պոռոտախոսությամբ, մեծախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական PR-ի, սեփական անձի, նեղ շրջանակի մասին, կազմալուծել է ՀՀ կառավարման ողջ համակարգը, որի արդյունքը տեսանք անցնող երկու ամիսներին, երբ չէր գործում պետական կառավարման համակարգը: Վարչապետը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է մի փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինդադար կնքել պատերազմի տարբեր փուլերում, որի մասին հստակ էր, հայտնի էր, որի մասին խորհուրդ էին տալիս նրան պարբերաբար, լոկ սեփական անձի փրկության համար նա չգնաց դրան և ի վերջո մեր հայրենիքի մեծագույն  մասը մեկ ստորագրությամբ հանձնեց թշնամուն, նա օր առաջ պետք է գնա»,- ասաց Մանուկյանը:

ՀՅԴ անդամը պնդեց, որ չի կարող Հայաստանն ունենալ զարգացում, ծավալել դիվանագիտական գործունեություն, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել:

«Չի կարող ՀՀ-ն  որևէ դիվանագիտական գործունեություն ծավալել հատկապես Արցախյան հարցում, բանակցային պրոցեսում, հավանական բանակցային պրոցեսում փորձել քայլեր իրականացնել, դիվանագիտություն գործադրել, որը հնարավորություն կտա ստորագրած հայտարարության շրջանակներում անգամ ձեռք բերել ինչ-որ բան, կորցրածից հետ բերել ինչ-որ բան:  Նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,- ասաց Մանուկյանը:

Նա պնդեց, որ վարչապետն ամեն ինչ անում է պահելու համար իր իշխանությունը՝ անգամ «զոհաբերելով» իր թիմակիցներին:

«Արդեն մեկ ժամ է, մեր ընկերներից մեկը՝ Գարիկ Ավետիսյանը, հացադուլ է  հայտարարել, ես միանում եմ նրա հացադուլին՝ հայտարարելով անժամկետ հացադուլ»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Լրագրողի հարցին, թե շարունակվելո՞ւ է հանրահավաքային պայքարը, Մանուկյանը պատասխանեց, որ ինքն իր որոշումը կայացրել է՝ որպես դաշնակցական, սակայն սա կուսակցության որոշումը չէ:

«Մարդիկ բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցության շատ պատգամավորներ, որոնք էկրանից այն կողմ անձնական շփումներում ասում են՝ այո, նա պետք է հեռանա, բայց սա պետք է բարձրաձայնվի, սա պետք է դառնա համահայաստանյան, համահայկական պահանջ»,- ասաց ՀՅԴ անդամը:

Նա նշեց, որ սա վերջին միջոցն է, որին ինքը կարող է դիմել:

Խոսքի ընթացքում Գեղամ Մանուկյանին մոտեցավ մի մարդ, որն ասաց, որ փնտրում է պատերազմի ժամանակ կորած իր եղբորը: Քաղաքացու խոսքով՝ արդեն 50 օր է, ինչ ԴՆԹ է հանձնել և սպասում է: Մանուկյանը նկատեց, որ այս իրավիճակում գտնվող մարդիկ շատ են:

Գեղամ Մանուկյանը ցանկանում էր իր հացադուլն իրականացնել Կառավարության շենքի մոտ, սակայն նրան թույլ չտվեցին անգամ Կառավարության պատի մոտ նստել՝ պատճառաբանելով, թե խանգարում է մուտք ու ելքին:

Նա հացադուլի նստեց Կառավարության առջև:

Տեսանյութեր

Լրահոս