Ինչպես են վիճակագիրները ստանում 1 դրամի մանրը
Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ վերջին անգամ միս է գնել 2499 դրամով։
«2012 թվականին, մինչև օգոստոս ամիս Հայաստանի սպառողական շուկայում առավել նկատելի էր գնանկման միտում՝ ապահովելով 4.8% տոկոս գների նվազում, սակայն սեպտեմբերին արձանագրվեց գնաճ՝ 0.8%, հոկտեմբերին 1.2%»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Գ.Մարտիրոսյանը նաև փաստեց, որ հանրապետությունում դիտարկվող 11 բնակավայրերում արձանագրվել է գնաճ՝ 0.4-200%: 0.4% գնաճ արձանագրվել է Թալին քաղաքում, ամենաբարձր գնաճն արձանագրվել է Դիլիջան քաղաքում, ինչպես նշեց Գ.Մարտիրոսյանը:
«Մսամթերքի շուկայում, որը նույնպես պարբերաբար գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ ոչխարի մսի, տավարի մսի, խոզի մսի գները վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել են»,- նշեց Գ.Մարտիրոսյանը, սակայն հավելեց, որ մսամթերքի գները, մասնավորապես՝ երշիկեղենինը, նախորդ տարիների համեմատ էականորեն աճել են:
Հարցին, թե վերջին անգամ քանի դրամով է ինքը միս ձեռք բերել, Գ.Մարտիրոսյանն ասաց. «2499 դրամով եմ միս ձեռք բերել»:
Լրագրողների այն հարցին, թե, ի վերջո, համեմատություն անելով նախորդ տարվա ցուցանիշների հետ, այսօր ապրելն ավելի թա՞նկ է, թե՞ նախորդ տարի էր ավելի թանկ, Գ.Մարտիրոսյանը պատասխանեց, որ ապրանքախմբերը տարբեր են, կան ապրանքներ, որոնք ունեն սեզոնայնություն, և դրանց թանկացումը տրամաբանական է, սակայն կան ապրանքներ, որոնք պահպանել են իրենց գինը. «2012թ. հոկտեմբերին՝ 2011 հոկտեմբերի համեմատ, սպառողական շուկայում գներն աճել են, աճման չափը 3.4% է: Այո, տեղի է ունեցել թանկացում»։
Գ. Մարտիրոսյանը որոշ տվյալներ հաղորդեց նաև դեղերի շուկայի վերաբերյալ։ «Յուրաքանչյուր ամիս մենք դիտարկում ենք հանրապետությունում գործող 69 դեղատուն, 31 խոշոր հիվանդանոցներ, 38 ատամնաբուժական հիմնարկ, 20 առողջարան: 8 ապրանքային խմբում ընդգրկված առողջապահական ծառայություններում կան 18 ծառայության տեսակներ և 12 անուն դեղորայք, և բուժսարքավորում (առաջին անհրաժեշտության դեղորայքը, ինչպես հավելեց Գ.Մարտիրոսյանը.- Ե.Կ.): Դեղամիջոցների գները վերջին մեկ ամսում աճել են 1.3% տոկոսով, իսկ 10 ամիսների ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 2.7%: Բուժծառայությունների գները վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել են 0.4%-ով, սակայն նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ծառայությունների գներն աճել են 9%-ի կտրվածքով»,- նշեց ԱՎԾ ներկայացուցիչը: