«Չեմ էլ պատկերացնում, թե ո՞նց եմ ապրելու սրանից հետո․ այս գիշեր երազումս Նարեկիս նկարը վերցրած՝ պատերազմի դաշտում բռնած ման էի գալիս…»․ զոհված Նարեկի տատիկ

Արցախում արդբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Կարենի Սահակյանը Երևանից էր, երեխաներից մեծը, 1 քույր և 1 եղբայր ունի: Նարեկի տատիկը՝ Երջանիկ Սարուխանյանը, 168.amի հետ զրույցում թոռանը բնութագրեց՝ ընկերասեր, հարևանասեր և չափից դուրս բարի տղա: Տատիկը հիշում է, երբ Նարեկը փոքր տարիքում բռնցքամարտով էր զբաղվում, մի անգամ ինքն էլ էր գնացել, ներկա եղել մրցումներին, սակայն դա եղավ Նարեկի բռնցքամարտով զբաղվելու վերջին օրը:

«Իրեն խփեցին-խփեցին, ինքը չխփեց, բայց ինքը շատ ուժեղ էր, ընկերներն էլ կասեն, մի հատ խփածը խփած էր… Դուրս եկավ, ասացի՝ Նարեկ ջան, բա դու խի՞ չխփեցիր, պատասխանեց՝ տատիկ, բա որ ցավ տար: Այդքան խիղճ է ունեցել իմ երեխեն, ես հանեցի, չթողեցի էլ գնա, ասի՝ սրա սիրտը որ չի տալիս ուրիշին ցավ պատճառի, ո՞նց կգնա այդ սպորտին, հանեցի»,- պատմեց Նարեկի տատիկը:

Նարեկին բոլորը սիրում էին՝ տանը, բակում, դպրոցում: Նրա հորաքույրը՝ Էլիզա Սահակյանը, հիշեց, որ երբ Նարեկն 9-րդ դասարանն ավարտում էր, բոլոր աշակերտներին պատվոգրեր էին տալիս, յուրաքանչյուրին՝ իրեն բնութագրող տողերով, և Նարեկին յուրահատուկ կերպ էին նկարագրել…

«Նարեկը ցանկացած հարցում չէր սիրում երկրորդը լիներ, դպրոցից դուրս գալուց, երբ դռների մոտ հավաքված էին լինում աշակերտները, չէր սպասում, բարձրանում էր, երկրորդ հարկի պատուհանից թռնում էր, բոլորը դրա մասին տեղյակ էին, նույնիսկ տնօրենը գիտեր: Պատվոգիր էին տվել Նարեկիս, որտեղ նշված է՝ «Տարզանի փոքր եղբոր դերակատար», անակնկալ էր, ինքն  էլ, որ գնացել էր պատվոգիրը վերցնելու, կարդացել էր, չէր պատկերացրել, որ իր մասին նման կարծիք ունեն…»:

Դպրոցն ավարտելուց հետո Նարեկն ընդունվել էր համալսարան, տատիկի հետ պլաններ էին կազմել, որ միասին գինեգործությամբ են զբաղվելու։

«Գինի պատրաստել շատ էր սիրում, ասում էր՝ տատիկ, միասին կանենք: Ես գյուղում տեղ ունեմ, անգամ կարասներ ունեմ, պահել եմ, ասում էի՝ Նարեկ ջան, տես, այս կարասները պահում եմ, որ գինի լցնենք: Վերջերս զանգեց ասաց՝ տատիկ, այս տարի հեչ, բայց մյուս տարի մի ավտո խաղող կառնես, որ գամ՝ գինի սարքենք: Նպատակները շատ էին…»,– ասում է Նարեկի տատիկը՝ տիկին Երջանիկը:

Նարեկի մայրը 2 տարի առաջ է մահացել, տատիկը հիշում է, թե թոռն այդ տարիքում իրեն ինչպես էր հասուն մարդու պես դրսևորում.

«Եկավ, ասաց՝ տատիկ, մամային ասել են՝ 5 օր ես ապրելու… Շատ մեծ ցավ ապրեցինք բոլորս, բայց ինքն այդ 5 օրն այնպես իրեն դրսևորեց իր մամայի համար, ոնց որ մի մեծ մարդ, իր քնքշությունը, վերաբերմունքը, մոր գլխի վերևից չէր հեռանում, իսկ մահվան ժամանակ ես ավելի հասկացա, թե ինքն ինչ մարդ է…»:

Նարեկը 2020 թվականի հունվարի 29-ին էր զորակոչվել, մեկ ամիս հետո զինվորական երդման արարողությունն էր: Տիկին Երջանիկը հիշում է, եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված, թոռը խնդրել էր, որ ընտանիքի անդամները չգնային զորամաս.

«Բայց գնացինք, գնացինք Ղարաբաղ: Ասացի՝ մայրը չկա, երեխաս պետք է մտածի՝ իր մասին մտածող չկա, ինչ գնով ուզում է լինի, պետք է գնանք: Այդ օրը մեզ հետ անցկացրեց՝ 1 օր, առավոտից երեկո, շատ ուրախ էր»:

Մինչև պատերազմը Նարեկը տանեցիներին խնդրել էր քիմիայի գիրք ուղարկել, տատիկը պատմեց, որ սկսել էր շատ կարդալ.

«Անընդհատ կարդալ էր ուզում, քիմիայի գիրք էր ուզում, շատ ուրախացա, ասացի՝ Նարեկ ջան, գինին պատրաստելու համար դա քեզ շատ է պետք: Ասում էր՝ տատիկ, որ եկող լինի, քիմիայի գիրք կուղարկես, մենք էլ պատրաստվել էինք, որ պասիլկա ուղարկենք՝ պարֆյումերիայով, շորերով, միայն կոշիկը չառանք, ասաց՝ ես այստեղ կառնեմ, շատ էր սիրում ֆորմի մեջ լինել, հիմա այդ շորերն էլ մնաց: Ասում էի՝ ցավդ տանեմ, հես ա կխաղաղվի, կուղարկենք, մտքումս դրել էի, որ այնքան քաղցր պետք է լցնեի այդ պասիլկայում, որ ամբողջ զորամասն ուտեր, բոլորին հերիքեր»:

Պատերազմական օրերին, ամեն անգամ հարազատներին զանգահարելուց Նարեկը վստահեցնում էր, որ ամեն բան լավ էր, հորաքրոջ հետ զրուցելիս նրան խնդրում էր չհուզվել, չէ՞ որ իր տրամադրությունը բարձր էր։

«Ասաց՝ խոսք եմ տալիս, որ, եթե ամեն ինչ նորմալ լինի, առավոտյան հենց արթնանամ՝ առաջինը քեզ կզանգեմ: Հաջորդ առավոտյան զանգահարեց, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, արթնացել ենք, մտածում ենք, թե ինչ պետք է պատրաստենք, հաց ուտենք: Տրամադրությունը բարձր էր, ես միշտ հուզվում էի, ասում էր՝ մի՛ լացիր, տեսնո՞ւմ ես՝ ինչ բարձր տրամադրություն ունեմ, դու մի լացիր: Մինչև ծառայության մեկնելն ընկերների հետ Արցախ էր գնացել ու սիրահարվել էր Արցախին, ասում էր՝ ես ուզում եմ Արցախում ծառայել… Անհամբեր սպասում էր, որ այս կարանտինային վիճակը դուրս գար, որ քաղաք գնար»,– հիշում է Նարեկի հորաքույրը:

Նարեկի հորաքույրը մինչ օրս տպավորված է եղբորորդու զինվորական երդման արարողությամբ.

«Նարեկս երդման արարողության ժամանակ այնքան հպարտ էր ասում իր խոսքերը, համոզված էինք, որ, եթե առիթ լինի՝ ինքը հաստատ հայրենիքը կպաշտպանի, բայց չգիտեինք, որ այսպես կարճ կտևի…»:

Նոյեմբերի 5-ին լրանալու էր Նարեկ Սահակյանի 19-ամյակը, տատիկն ասում է, որ Աստված էին կանչում, որ պատերազմը շուտ ավարտվի, որ մի բան ուղարկեն թոռանը.

«Ի՞նչ եղավ, երեխես ծնունդին էլ չհասավ, 7-ի օրն իր ծննդյան օրն է, պատկերացնո՞ւմ եք, Աստված ի՞նչ նվեր է տվել իրեն… Շատ ծանր ենք տանում ամբողջ ընտանիքով, ու ես չեմ էլ պատկերացնում, թե ո՞նց եմ ապրելու սրանից հետո: Այս գիշեր երազումս Նարեկիս նկարը վերցրած՝ պատերազմի դաշտում բռնած ման էի գալիս, ասում էի՝ տղաներ, այս երեխուն չե՞ք տեսել, այս զինվորին չե՞ք տեսել, ցավդ տանեմ, Նարեկ ջան, այս ի՞նչ ցավ տվեցիր մեզ, հիմա ամբողջ կյանքում պետք   է փնտրեմ Նարեկ, փնտրեմ Նարեկ, փնտրեմ…»:

Նարեկ Սահակյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին՝ «Եռաբլուր» զինվորական պաթեոնում:

Տեսանյութեր

Լրահոս