Բաժիններ՝

Արման Թաթոյանի հայտարարությունն անակնկալ է եղել նախարար Բաթոյանի համար

Երեկ երեկոյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ: Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»,-նշել էր Թաթոյանը:

Այնուհետեւ ՀՀ օմբունդսմենը հավելել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր հայրենակիցների, այդ թվում՝ զինծառայողների ընտանիքների սոցիալական իրավունքերի երաշխավորմամբ. «Պետք է գիտակցել, որ Մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է հատկապես այս դժվար օրերին ամեն կերպ աջակցել պետությանը: Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել»։

Armlur.am-ը զրուցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ պարզելու համար, թե ինչ խնդիր է, ու արդյոք ինքը զրուցել է Թաթոյանի հետ պարզելու համար նրա վրդովմունքի պատճառը: «Ճիշտն ասած դեռեւս պարոն Թաթոյանը չի պատասխանել, հիմա այդ փուլում ենք, փորձում ենք ճշտել ու հասկանալ՝ ինչ խնդիր է, հիմա որեւէ բան չեմ կարող ասել»,-հայտարարեց նախարարը:

Դիտարկմանը, թե արդյոք այս ժամանակահատվածում ինչ-որ հարցով Թաթոյանը դիմել է իրենց, ու հարցն անպատասխան է մնացել, նախարարն ասաց, որ նման բան չի եղել, չի կարող հիմա ինչ-որ բան ասել, կպարզեն, կտեղեկացնեն:

Նախարարի խոսքով, Արման Թաթոյանի հայտարարությունն անակնկալ է եղել իր համար. «Երեկոյան եմ փորձել զրուցել, չի ստացվել, հիմա փորձում ենք ճշտել, թե որն է խնդիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս