«Կոնվենցիայի վավերացումը Հայաստանի համար այս իրավիճակում ունի կարևոր նշանակություն»․ Արդարադատության նախարարի տեղակալ
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկեց Կառավարության ներկայացրած «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1989 թվականին և այս պահին այն վավերացվել է 36 պետություններում։
«Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և ուսուցումը քրեորեն հետապնդելի արարք է և առաջացնում է պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման խախտում։ Ըստ էության, այս կոնվենցիայի առաջին հոդվածն ամենակարևորն է, այնտեղ է սահմանված վարձկան հասկացությունը և այն վավերապայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում արարքը որակվում է՝ որպես վարձկանություն։ Կոնվենցիայի առաջին հոդվածը մեծ մասամբ կրկնում է Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության 47 հոդվածով սահմանված վարձկանության հասկացությունը։ Պետք է նշենք, որ այս կոնվենցիան մեկ քայլ առաջ է գնում և ըստ էության ավելի խիստ վավերապայմաններ է սահմանում վարձկանությունը որակելու համար»,- նշեց Քրիստինե Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ կոնվենցիայի վավերացումը Հայաստանի համար այս իրավիճակում ունի կարևոր նշանակություն։ Նախ, Հայաստանն այդպիսով վերահաստատում է իր հանձնառությունն օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր, ինչպես նաև ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումների իրականացման ուղղությամբ։
«Կոնվենցիային միանալով, 5-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել 1997 թվականից դեռևս այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ՝ այս տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկներին որպես վարձկաններ օգտագործելու առնչությամբ։ Կոնվեցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել Թուրքիայի նկատմամբ, որը, թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն կոնվենցիայի իմաստով հանդիսանում է՝ որպես հանցակից կողմ, որը պատասխանատվությունի ունի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում օտարերկրյա մարտիկներին հավաքագրելու, ուսուցանելու և Ադրբեջանում օգտագործելու համար»,- հավելեց Արդարադատության նախարարի տեղակալը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ կոնվենցիան քրեաիրավական առումով Հայաստանին ոչինչ չի տալու, որովհետև Հայաստանը բավականին բովանդակային ձևով ամրագրել է վարձկանության հանցակազմը, դրա համար պատասխանատվությունը, իրավազորությունը և այլն։
«Կոնվենցիան կարևոր է այն գործիքակազմի առումով, որը թույլ է տալու մեզ համապատասխան իրավական գործընթացներ սկսել։ Ընդ որում, այդ իրավական գործընթացները, եթե օբյեկտիվ լինենք, սահմանափակվելու են միջազգային համապատասխան ատյաններում, մասնավորապես՝ միջազգային դատարան դիմելու հնարավորությամբ, որի պարագայում Ադրբեջանը հնարավորություն չի ունենալու որևէ ձևով առարկել դատարանի իրավազորության դեմ»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում