«Մենք պատրաստ ենք կանգնելու մինչև վերջ. սա է մեր պատասխանն աշխարհին, Ադրբեջանին ու Թուրքիային». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, որ հայ ժողովուրդը պատրաստ է ծանր փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի, շեշտեց՝ այս պատերազմում Արցախի ժողովուրդը կանգնած է մինչև վերջ:

«Կարճ ասած՝ մենք կանգնելու ենք մինչև վերջ: Եթե մենք խոսում ենք մեր ապագայի մասին, ուրեմն՝ պետք է հասկանանք, որ անկախ ամեն ինչից՝ շատ բան է կախված մեր պահվածքից: Նախ և առաջ՝ մենք պատրաստ չենք և չենք էլ պատրաստվում անպատիվ ձևով հանձնվել, սա բոլորը պետք է լավ իմանան՝ կանգնելու ենք մինչև վերջ: Նույնիսկ, եթե տղաները զոհվում են և ինչ-որ բան թողնում են, ապա այնքան արիաբար են կռվում, որ այդ 300 սպարտացիների օրինակն են ծառայում: Այսինքն՝ այդ հանձնումը ոչ թե հաղթանակ է թշնամուն, այլ մեր հաղթանակն է: Սա է մեր ժողովրդի մոտեցումը, այս պահին ժողովուրդը հենց նման ձևով է հարցին մոտենում: Մենք պատրաստ ենք կանգնելու մինչև վերջ, սա է մեր պատասխանն աշխարհին, Ադրբեջանին ու Թուրքիային»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց, որ հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, բայց ոչ երբեք՝ Արցախի կապիտուլյացիայի: «Հիմա ես ուզում եմ՝ մենք շատ հստակ պատասխանենք մի հարցի: Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների: Ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը նույնիսկ, մենք, պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի և հայ ժողովուրդը պետք է, ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ,  հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու, ընդ որում, իր իրավունքները պաշտպանելու, այո: Մենք հիմա, հաշվի առնելով նաև մեզնից ակնկալվող միջազգային ճկունությունը, մենք պետք է այնուամենայնիվ ուժ ունենանք, էսպես ասած, գործել մեր շահերի եզրագծին, մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից՝ անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Եվ հետևաբար՝ մենք պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վարչապետի հնչեցրած այն մեղադրանքին, որ Հայաստանում թասիբը չի եռում, Դավիթ Բաբայանը նշեց, որ ամեն ինչ ժամանակը ցույց կտա: «Եթե այդպես է իրավիճակը, ուրեմն՝ հասարակությունը գտնվում է խորը կոմայի մեջ, բայց ես չգիտեմ՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, որովհետև այն մարդիկ, որոնք գալիս են Արցախ, հաստատակամ են»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս