«Ադրբեջանն ու Թուրքիան կրկին ցույց տվեցին, որ չեն ընդունում միջազգային որևէ պարտավորություն՝ նրանք հասկանում են միայն ուժի լեզուն». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրավիճակն Արցախում անփոփոխ է։

«Ընթանում են ծանր մարտեր, զինադադարի պահպանման մասին որևէ խոսք չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան կրկին ցույց տվեցին, որ որևէ ձևով չեն ընդունում միջազգային որևէ պարտավորություն, նրանք հասկանում են միայն ուժի լեզուն։ Ունենք այն ինչ ունենք։ Զինադադարը կրկին ձախողել են»,-168.amի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել էին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին։

Սակայն ձեռքբերված պայմանավորվածությունը Ադրբեջանական կողմը չպահպանեց և շարունակեց հրետակոծել ու հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։

Տեսանյութեր

Լրահոս