Ադրբեջանի և Թուրքիայի արկածախնդրությունը զսպելու երկու տարբերակ կա․ Քաղաքագետ
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ մտավ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը, սակայն ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Օրբելի կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանն ասում է՝ իրականում մեծ ակնկալիքներ չի ունեցել, սակայն ամեն դեպքում ողջունելի է ամերիկյան կողմի նախաձեռնությունը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում, թե՛ առանձին որպես շահագրգիռ կողմ՝ կրակի դադարեցման հարցում իր ջանքերը գործադրելու առումով։
«Սակայն, ըստ էության, հստակ հասկանում ենք, որ այս ամեն ինչի հետևում կանգնած է Թուրքիան, և, եթե նույնիսկ Ալիևը միջազգային ճնշումների ներքո տեղի տա և գնա ռազմական գործողությունների դադարեցման՝ հումանիտար հրադադարի հաստատման ճանապարհով, Էրդողանը թույլ չի տալու։ Մենք բացահայտ տեսնում ենք, թե Էրդողանը Ֆրանսիայի նախագահի հասցեին ինչպիսի անձնական վիրավորանքներ է հասցնում, ԱՄՆ-ի հետ ինչպիսի լեզվով է խոսում։ Սա բացահայտ ցույց է տալիս, որ Էրդողանը որևէ կերպ չի պատրաստվում ընդառաջ գնալ, երկխոսել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի կամ այլ երկրների հետ։ Նա տապալում է ցանկացած նախաձեռնություն, որը գալիս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ Նա ամեն կերպ փորձում է փոխել այդ ձևաչափը, իսկ Ալիևին դարձրել է գործիք՝ իր նպատակներն իրականցնելու համար»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կարեն Վերանյանը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ նա նկատեց․
«Եթե լինեն կուլմինացիոն իրադարձություններ, ֆորսմաժորային չնախատեսված իրավիճակներ, երբ լարվածությունն այնպիսի բարձրակետի հասնի, որ այլևս անհնար կլինի այլ տարբերակներ գործադրելը՝ թե՛ կրակի դադարեցման ուղղությամբ, թե՛ Թուրքիայի ներգրավվածությունը զսպելու հարցում, այո՛, կարող են լինել շատ ավելի կտրուկ քայլեր, ընդհուպ՝ մինչև Արցախի անկախության ճանաչումը։ Թրամփը հոկտեմբերի 25-ի նախընտրական արշավի ժամանակ խոսեց հայերի մասին՝ նպատակ ունենալով ստանալ հայ համայնքի աջակությունը, սակայն ամեն դեպքում հստակ նշեց, որ կարող են լինել հստակ լուծումներ, ինչպես Կոսովոյի դեպքում։ Մի քիչ աղավաղված, սակայն կար այդ ձևակերպումը։ Սա, իհարկե, դրական է, սակայն մեծ ակնկալիքներ այս պահի դրությամբ չպետք է ունենալ միջազգային հանրությունից»։
Քաղաքագետն ընդգծեց՝ թշնամուն զսպելու երկու տարբերակ կա․ «Առաջինը ռազմաճակատում մեր հաջողություններն են ու ադրբեջանական զինված ուժերի՝ մարդկային, զինտեխնիկայի կորուստը, հյուծումը, որովհետև իրենք երկար չեն կարող պատերազմել։ Մեծ ծավալով մատակարարում ունեն, բայց դա անսպառ չէ։ Երկրի ներսում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ՝ հասարակական ընդվզումներ, ցույցեր և այլն։ Սա շատ խորքային կարող է արտահայտվել, երբ մենք ավելի էական և լուրջ հաջողություններ արձանագրենք մարտի դաշտում։ Երկրորդ տարբերակը, որը Ադրբեջանին և Թուրքիային կզսպի նման արկածախնդրությունից, գործողությունները շարունակելու այս ամբողջ սցենարից, դա Արցախի անկախության ճանաչումն է՝ միջազգային առաջատար խաղացողների կողմից։ Այս երկու տարբերակներն են իրատեսական, հնարավոր է՝ նաև ժամանակի երկարաձգման դեպքում տնտեսական խնդիրներ լինեն Թուրքիայի ներսում, միջազգային հանրության ճնշումը մեծանա, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն, սակայն սրանք շրջադարձային զարգացում չեն ենթադրում»։
Կարեն Վերանյանը կարևորեց նաև աշխարհասփյուռ հայության բողոքի ակցիաները։ «Հայկական համայնքի ակտիվ ջանքերի, բողոքի ակցիայի շնորհիվ եղավ, որ այս կամ այն երկրում սկսեցին շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնել ու տեսնել, թե մեր տարածաշրջանում ինչ են անում Ադրբեջանն ու Թուրքիան՝ Արցախի բնակչության նկատմամբ։ Կանադահայերի դերն էր շատ մեծ՝ կանադական արտադրության սարքերի մատակարարումը դեպի Թուրքիա սառեցնելու առումով։ Ի դեպ, այս փուլում, երբ ԱՄՆ-ում նախընտրական պայքար է, կարող ենք շատ ավելի մեծ քաղաքական խաղաթղթեր ունենալ նրանցից՝ պաշտոնական մակարդակով, որովհետև իրենք կօգտագործեն հայ համայնքին ցուցաբերած աջակցությունը, որպեսզի ձայներ ստանան»։