Պարն ու պատերազմը

16-ամյա Յուլիա Ասրյանը՝  մախմուր՝ թուխ մազերով աղջիկը, Արցախից է՝ Ստեփանակերտից: Նա պարում է պատերազմի ժամանակ՝ գուցե չիմանալով, որ դեռ այս պատերազմից շատ առաջ գրող Հովիկ Աֆյանն իր «Կարմիր» վեպը հենց  Յուլիային ու նրա նման պատերազմի ժամանակ պարող ու նկարող այլ երեխաներին է նվիրել:

168.am-ի հետ զրույցում Յուլիան պատմում էր, թե սիրում է պարել: Պարել սիրող աղջիկը ավելի քան 20 օր ապրում է Երևանում՝ մոր ու քույրերի հետ: Մեծ քրոջ պես պատերազմի օրերը պարով է լցնում նաև 11-ամյա Էրիկան:

«Հաճախում եմ պարի, արդեն 6-րդ դասարան եմ, մի տարուց պիտի վերցնեի դիպլոմս, բայց պատերազմը սկսվեց, և ես եկա Երևան: Հաճախում էի կարպետի, կարուձևի, պարի, երգի էլ պիտի գնայի, դե, բայց չհասցրեցի, եկա ստեղ»,- 168.am-ին պատմում էր 11-ամյա Էրիկան:

Աղջիկների մեծ երազանքը չէր Երևանում այսքան երկար ապրելը, բայց ասում են, թե պատերազմն այլ ելք չթողեց:

Տան, ընկերների ու Արցախի շատ սովորական առօրյայի կարոտն աչքերում պարող աղջիկներն անգամ պատերազմ բառն են դժվարությամբ արտաբերում: Թվում է՝ երեխաները չեն հասկանում, թե ինչ է պատերազմը, բայց իրենք պատերազմը բնորոշող երևի ամենաիսկական բառն են գտել:

«Հիմարություն, հիմարություն… չեմ սիրում էդ անունը, ուղղակի լեզուս էլ չի ֆռում, թե դա ասեմ… չեմ սիրում… ինձ թվում ա, եթե թուրքերը չսկսեն, մերոնք չէին էլ սկսի, ու խաղաղ կապրեինք՝ մենք էլ, իրանք էլ»,- ասում էին աղջիկները:

Հիմա աղջիկները միայն երազում են, որ խաղաղություն հաստատվի, ու վերադառնան Ստեփանակերտ՝ այնտեղ հյուրընկալելու Երևանում իրենց գրկաբաց ընդունած մարդկանց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս