«Կանադայում թուրքերը սկսել են ինձ ահաբեկել․․․ Հատկապես գիշերային ժամերին, երբ տեսնում են հայկական դրոշներ՝ թուրքերը կոտրում են մեքենաների ապակիները, փորձում են վախ ու սարսափ տարածել»․ կանադահայ գրող

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:

Նախարար Մնացականյանն իր հերթին՝ բարձր գնահատել է Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնելու Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։

Իսկ այս ընթացքում Կանադայում շարունակվում են մեր հայրենակիցների բողոքի ակցիաները, նրանք պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից  վարձկան ահաբեկիչներին պատերազմում ներգրավելն ու ադրբեջանական բանակի կողմից հայ զոհված զինծառայողների, ռազմագերիների նկատմամբ կատարվող վայրագությունները:

«Կանադան համերաշխ, մարդասեր երկիր է: Արդեն կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրամանով, և սա հրաշալի է, քանի որ որոշումն ընդունվեց կարճ ժամանակահատվածում: Մենք ցույցերը շարունակում ենք, ուզում ենք, որ Արցախը ճանաչվի ազատ, անկախ պետություն: Արցախը հայկական հող է: Այն Ստալինի կողմից 1921թ. նվեր է տրվել ադրբեջանցիներին, որպեսզի քաջալերեր Թուրքիային, որ ԽՍՀՄ կազմում  լինի: Մենք ամեն ինչ անելու ենք մեր ազգի համար և չենք հանձնվելու՝ մահ կամ ազատություն:

Առաջին անգամ մեզ փորձեցին բնաջնջել, և հիմա էլի այդ նպատակն ունեն: Որպես Հայկ նահապետի թոռնիկներ՝ մեր ուսերին մեծ պարտականություն կա՝ պահել մեր հողերը: Նրանք ուզում են Օսմանյան կայսրությունը վերականգնել,  սա Արցախի ու Ադրբեջանի հարցը չէ: Եթե Ադրբեջանը, Թուրքիան վայր դնեն զենքերը՝ ամբողջ աշխարհում խաղաղություն կլինի, եթե մենք վայր դնենք, հետ կանգնենք պայքարից, կբնաջնջվենք. այս է մեր ու իրենց միջև եղած տարբերությունը,- 168.am-ի հետ զրույցում ասաց կանադահայ գրող, հաղորդավար Նատալի Ռեստոկյանը՝ շարունակելով,– Ինչպես մեր հայ զինվորն է սահմանին կռվում, այնպես էլ մենք մեր ձայնը բարձրացնելով՝ պետք է կռվենք: Հերոս զինվորներ ունենք՝ Փոքր Մհերներ ու Վարդան Մամիկոնյաններ: Պատկերացնո՞ւմ եք, այստեղ՝ Կանադայում, սկսել են ինձ թուրքերն ահաբեկել՝ ասելով, թե՝ քեզ սպանելու ենք: Հատկապես գիշերային ժամերին, երբ տեսնում են հայկական դրոշներ՝ թուրքերը կոտրում են մեքենաների ապակիները, փորձում են վախ ու սարսափ տարածել: Այնքան վայրենի են, որ ցույցերի ժամանակ Կանադայի ոստիկանությունը մեզ պաշտպանում է նրանցից, օղակում է, որ ոչ մեկը չմոտենա:

Մեզ այս պայքարում միացել են նաև սիրիացիներ, հույներ, լիբանանցիներ, ինչը ևս մեծ օգնություն է»:

Նատալի Ռեստոկյանը հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցում են ոչ միայն հայերը, այլև արաբները:

«Ամուսինս լիբանանցի է, բոլոր արաբներից գումար եմ հավաքել ու ուղարկել հիմնադրամին:  Պետք է անգլերենով, արաբերենով տարածենք լուրերը և այդպես էլ անում ենք, որ արաբական աշխարհին արթնացնենք: Կանադան երկիր է, որը պատերազմ չի սիրում,  սակայն միևնույն ժամանակ՝ չպետք է մոռանանք, որ այստեղ ամեն երկրից մարդ է ապրում՝ թուրք, ադրբեջանցի, տաջիկ և այլն: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա շատ չեզոք են ներկայացնում պատերազմական իրավիճակը:  Չգիտեմ, թե թշնամին որքան ուժ ունի մամուլի վրա, բայց իմ կարծիքով՝ կա այդ ազդեցությունը: Ամեն դեպքում համոզված եմ՝ առաջիկայում մեր քայլերը կտան իրենց արդյունքը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս