«ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում՝ ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով». Շավարշ Քոչարյան

Սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը ռազմնական գործողություններ սկսեց Արցախի նկատմամբ, շատերի ուշադրության կենտրոնում միջազգային կառույցների, այլ պետությունների արձագանքին, կոչերին ու հայտարարություններին:

«Գիտեք ինչ, նախ, տարբեր արձագանքներ կան, տարբեր տիպի: Այստեղ շատ էական է, գիտեք, հետևյալ հանգամանքը՝ հստակությունը մեր դիրքորոշման: Իհարկե, շատ տեղեր կա, որ իրոք բավարարված չենք: Չի կարելի դիտարկել Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետությունը՝ որպես տարածք, քանի որ ճանաչված չի, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքից: Չի կարելի տարբերակել, ինձ թվում է՝ այդ մասին այսօր խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից, թե որտեղ են, որ սուբյեկտում  են բնակվում: Դա ակնհայտ է:

Այստեղ խնդիրներ կան: Կան տարբեր արձագանքներ: Գիտեք ինչ, ես մի բան եմ ուզում ասել, ժողովուրդ, 90-ականներին վիճակը կարող ա՝ շատ ավելի ծանր էր, և, եթե մենք դիտարկում էինք աշխարհը, այսպես ասած՝ «ինչի՞ է լռում», իրականում, անկախ ամեն ինչից, մենք  դրանից հետո մեծ պատվով դուրս եկանք: Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ, եկեք դա արձանագրենք, և հիմա խնդիրը, արձագանքը միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների, ամեն ինչ որոշվում է  մարտի դաշտում:

Ցավալի է շատ, հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև կյանքեր են: Բայց մյուս կողմից՝ մենք պետք է գիտակցենք, որ, եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է, և էն, ով որ հույսը դնում է, որ օտարը կգա-կօգնի, դատապարտված է: Ցավալի է, բայց մենք պատերազմի մեջ ենք: Ավելին, Թուրքիայի երևալը բացահայտ խոսում է նրա մասին, որ խոսքը վերաբերում է  ոչ միայն  պատերազմում պարտություն կրել-չկրել, այլ, այո, խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանությանը: Այդ տեսակետից մենք պետք է չնայենք աջ-ձախ, այլ պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք՝ ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները»,- ԱԺ-ում ասաց ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Հայաստանին բավարարում է միջազգային կառույցների արձագանքը:

Ճշգրտող հարցին, թե այսինքն մարտի դաշտի՞ց է կախված դիվանագետների աշխատանքը, Քոչարյանն ասաց, թե դիվանագետները միշտ պիտի գործեն, բայց հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի բարձր հնարավորություն կտա, քան, եթե այդ հաղթանակը դեռ գծված չէ:

Շ. Քոչարյանը նաև անդրադարձավ այն հարցերին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին այն դեպքում, երբ պարբերաբար կրակոցներ են լինում նաև Հայաստանի սահմանին: Արտաքին գերատեսչության ներկայացուցիչը ներկայացրեց, թե ո՞ր դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու համար՝ պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ: Դա  գնահատել՝ որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ, դեռ վաղ է: Դիմելու համար, եթե եղավ հարձակում Հայաստանի վրա, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին, առաջին քայլ, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, և բոլորը կանոնակարգված է, որտեղ արդեն պետք է  կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկվի ՄԱԿ-ը: Այս պարագայում դեռևս սրա մասին խոսելը վաղ է: Եվ մի բան էլ ասեմ, եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ  ինքը դատարկ չի»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Մեկ այլ հարցի, թե ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը տեսակետ էր հայտնել, որ իր համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմում, Շավարշ Քոչարյանն արձագանքեց.

«ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում՝ ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով»:

Քոչարյանի խոսքով՝ շատ լավ գիտեն՝ ինչ պետք է անել, և անում են այն,  ինչ որ գիտենք, անում են:

«Ավելին ասեմ՝ ես կարող եմ առաջին դեմքերի մակարդակով, նույնիսկ, կա ինֆորմացիայի փոխանակում: Ավել չեմ ուզում ասել, կարծում եմ՝ դա արդեն վարչապետի մամուլի գրասենյակի գործառույթն է: Բայց, որ մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք, այս պահին դա է արվում, կգա պահը, երբ որ կարվեն այլ քայլեր: Բայց ես հույս ունեմ՝ հակառակը, որ այդ պահը չի գա»,- խոսքը եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս