«Մեր հիմնական հույսը, բնականաբար, պետք է լինեն մեր Զինված ուժերը և ռազմավարական դաշնակիցը». Սուրեն Սարգսյանը՝ Պոմպեոյի հայտարարության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 15-ին հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Այս մասին Պոմպեոն ասել էր հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:

«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել էր Պոմպեոն:

Պոմպեոյի այս գրառմանն արձագանքել էր Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսն առ այն, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում է Ադրբեջանը. «Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրություն ակտիվ ու կառուցողական դեր կխաղա՝ կասեցնելու մարդկության դեմ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռամիասնության կողմից իրականացվող հանցագործողություններն ու ցեղասպան սպառնալիքները։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը տարածաշրջանային տևական խաղաղության համար անհրաժեշտ է»,- գրել էր Արցախի արտգործնախարարը:

168.am-ի հետ զրույցում միջազազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը՝ նշեց, որ բոլորի համար էլ արդեն հայտնի է, որ հույսը չպետք է դնել որևէ գերտերության վրա։

«Մեր հիմնական հույսը, բնականաբար, պետք է լինեն մեր Զինված ուժերը և ռազմավարական դաշնակիցը։ Կարծում եմ՝ այստեղ ամենակարևորը, որպեսզի մենք հասկանանք, որ որևէ տեղից այս պահին լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Այս հայտարարությունը կարելի է դիտարկել հենց այս լույսի ներքո»,- նշեց միջազգայնագետը։

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցչի հայտարությունն արդյո՞ք այդ համատեքստում պետք է արվեր, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ Պոմպեոյի վերջին հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն դրա, այլև վերջին հայտարարությունների կոնտեքստում։

«Նախ, հստակ ֆիքսում են, որ մեղավոր, ագրեսոր կողմն Ադրբեջանն է, և, որն ունի թուրքական հսկայական աջակցություն, սա կարևոր է։ Այլ հայտարարությունների ժամանակ Պոմպեոն՝ Միացյալ Նահանգները, նաև աջակցել է Ռուսաստանի Դաշնության ջանքերին։ Կարծում եմ՝ այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել այդ հայտարարությունը»,- հավելեց նա։

Հաջորդ հարցին՝ նման հայտարարություններն արդյո՞ք չեն օգնում Թուրքիային ու Ադրբեջանին ավելի  առաջ գնալու, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե միայն հայտարարություններով են բավարարվում։

«Կարծում եմ՝ այդուհանդերձ, դիվանագիտական աշխատանք տարվում է նաև այլ խողովակներով, իհարկե, հայտարարությունները կարևոր են, բայց այլ խողովակներով աշխատանքներ նույնպես տարվում են»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս