«Պոմպեոյի ասածը նշանակում է, որ հայերը կարող են դիմել ցանկացած քայլի՝ Ադրբեջանի գործողություններից իրենց պաշտպանելու համար». Դավիթ Բաբայան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին հարցազրույց էր տվել «Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, որում անդրադարձել է Արցախի հարցի կարգավորմանը։

«Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար Երևանը պատրաստ է իրագործել այն քայլերը, որոնց շուրջ պայմանավորվել են Մոսկվայում եռակողմ բանակցությունների ընթացքում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Մոսկովյան հայտարարությունում համաձայնեցվել էին կոնկրետ քայլեր, ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը։ Եվ այդ համաձայնության ներքո նկարագրված են կոնկրետ քայլեր, և մենք պատրաստ ենք նման քայլերի, որպեսզի լուծվի ԼՂ հարցը։ Մենք պատրաստ ենք համաչափ փոխզիջումների, որին պատրաստ է Ադրբեջանը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանին զուգահեռ՝ Դմիտրի Կիսելյովի հարցերին պատասխանել էր նաև Ադրբեջանի նախագահը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս հարցազրույցին՝ նշեց, որ դրա հետ կապված իր դիտարկումն այն է, որ, ի դեմս Ադրբեջանի՝ կա պատրաստված, ֆաշիստական ու նենգ երկիր, որը դժվար թե կամավոր հրաժարվի իր նկրտումներից։

«Այստեղից միայն մեկ բան է պարզ՝ պետք է ջարդենք և կանգնենք մինչև վերջ, նաև վարելով ճիշտ աշխարհաքաղաքականություն։ Մեր ընկերների, եղբայրական երկրների հետ պետք է մեր հարաբերությունները պահպանենք զգացմունքային տիրույթում, թույլ չտանք, որ ամեն ինչ ընկնի քաղաքական հաշվարկների տիրույթ, քանի որ դա կարող է աղետ լինել։ Այսինքն՝ մարտահրավերը շատ լուրջ է, վտանգը մեծ է, բայց նաև հնարավորություններ կան, պետք է պարզապես ամեն ինչ անենք, ավելի կազմակերպված դառնանք և դիմակայենք այդ ամենին։ Այսօր հայկական գործոնը շատ կարևոր է աշխարհաքաղաքականության մեջ, շատ ավելի կարևորվել է, պարզապես պետք է կարողանանք մեր քայլերը շատ ճիշտ կատարենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, որով նա հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ հայտարարությունը և՛ բացասական, և՛ դրական շատ հարցեր է առաջացրել։

Խոսելով հայտարարության դրական կողմի մասին՝ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ երևում է՝ ԱՄՆ-ը ինչ-որ տեղ, փաստորեն, հրաժարվում է Թուրքիայից։

«Պոմպեոյի ասածը նշանակում է, որ հայերը կարող են դիմել ցանկացած քայլի՝ Ադրբեջանի գործողություններից իրենց պաշտպանելու համար։ Այսինքն՝ սա ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ՝ այո՛, ինքը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության ջանքերին, այդ թվում՝ նաև, եթե հնարավոր է, պետք է լինեն կտրուկ քայլեր։ Մյուս կողմից էլ՝ մենք չենք տեսնում ԱՄՆ-ի կողմից կտրուկ քայլեր՝ ուղղված Թուրքիային, սա կարող են նրանք դիտարկել՝ որպես ԱՄՆ-ի թուլություն»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ այս ամենից հետո հայկական կողմը պարզապես պարտավոր է խորացնել ու ամրապնդել իր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և տարբեր այլ երկրների հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Այս մասին Պոմպեոն ասել էր հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:

«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել էր Պոմպեոն:

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և արձագանքել ԱՄՆ պետքարտուղարին. «Ուրախ եմ, որ պետքարտուղար    Պոմպեոն հաստատել է մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների   միջոցով:

Կարևոր է հասնել նրան, որ Թուրքիան դադարեցնի Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին դրդել անմարդկային ագրեսիայի մեր ժողովրդավարության դեմ։

Կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսն առ այն, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում է Ադրբեջանը: Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կխաղա՝ կասեցնելու մարդկության դեմ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռամիասնության կողմից իրականացվող հանցագործություններն ու ցեղասպան սպառնալիքները:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը տարածաշրջանային տևական խաղաղության համար անհրաժեշտ է»,- գրել էր Արցախի արտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս