Պուտինը կամ Մակրոնը չեն կարողանում էական հաջողության հասնել Ղարաբաղյան բռնությունը մեղմացնելու գործում․ Փոլ Սթրոնսկի

«Վախենամ՝ մենք ավելի մեծ արյունահեղության ճանապարհին ենք»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի վերսկսմանը, ԱՄՆ դիրքավորմանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների դիվանագիտական ջանքերին։

Նրա գնահատմամբ՝ իրավիճակը պատերազմի դաշտում շատ անհանգստացնող է։ Փոլ Սթրոնսկին արձանագրեց, որ նախագահ Մակրոնի հայտարարությունը ոչ կանոնավոր ուժերի մասին, որոնք ուղարկվել են Թուրքիայից, դեռ այդ խնդրի մեր տեսած ամենաբարձր մակարդակով մատնանշումն է։

«Թուրքիան և Ռուսաստանն առճակատման մեջ են Սիրիայում և Լիբիայում, հիմնականում երկու կողմերի անկանոն, վստահված ուժերի միջոցով, ուստի ես անհանգստանում եմ, որ այդ խնդիրները կարող են տարածվել Կովկասում: Միջազգային հանրությունն իր հստակ դիրքորոշումը հայտնեց, որ ռազմագործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ներկայումս կողմերի շարքում մեղավորներ փնտրելը նպատակահարմար չեմ համարում, քանի որ մարդիկ են մահանում երկու կողմում։ Մարտերի դադարեցումն անհրաժեշտություն է, և ես ուրախ եմ, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները միասնաբար արձանագրեցին, որ դա հարկավոր է։ Դժբախտաբար, ինձ չի թվում, որ նրանց միջամտությունն օգուտ է տալիս մինչ այս պահը։

Ռուսաստանը, օրինակ, սովորաբար կարողանում էր կողմերին մոտեցնել, երբ մարտական գործողություններ էին բռնկվում երկու երկրների միջև, բայց այս անգամ ձախողեց դա անել։ Վախենամ՝ մենք ավելի մեծ արյունահեղության ճանապարհին ենք։ Կարծում եմ, որ միջազգային և տարածաշրջանային ուժերը, այդ թվում՝ Վրաստանն ու Իրանը, հրադադարի հասնելու համար կարող են դերակատարություն ստանձնել, ճնշումներ բանեցնելով կողմերի նկատմամբ, բայց հիմնական բանակցողները չկարողացան դա անել այս անգամ։ Վրաստանն ու Իրանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի ու անկայունության պատճառով սպառնալիքների տակ են, ուստի նրանք կարող են որոշակի ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։ Թուրքիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի ճնշում ևս, բնականաբար, հարկավոր է, հատկապես, երբ Թուրքիայի՝ վստահելի ուժերի և այլոց միջոցով միջամտության մեղադրանքները հաստատվեն։ Բայց վերջիվերջո միջազգային հանրությունը չի կարող փոխել իրավիճակը, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը երկուստեք չունեն ցանկություն դադարեցնել կռիվը, մեղմել սադրանքները և գտնել ինչ-որ փոխզիջում։ Սա իսկապես կողմերի որոշելիք հարցն է»,- նման տեսակետ հայտնեց Փոլ Սթրոնսկին Վաշինգտոնից։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում ԱՄՆ դիրքավորմանը՝ ամերիկացի վերլուծաբանն ասաց, որ Միացյալ Նահանգները հիմնականում բարձր մակարդակում ներգրավված չի եղել Հարավային Կովկասում և Եվրասիայից ընդհանրապես: Սա, Սթրոնսկու մեկնաբանությամբ, սկսվել է մեկ տասնամյակ առաջ, բայց ամրապնդվել Թրամփի վարչակազմի օրոք, մասնավորապես` նրա մեկուսացման և հաճախ անօգուտ արտաքին քաղաքականության հետևանքով:

«Տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը հաճախ չափազանցված են, բայց ԱՄՆ-ը ավանդաբար ցանկանում էր, որ այս տարածքը հանդարտ մնա: ԱՄՆ-ը շատ ավելի քիչ լծակներ ունի Ադրբեջանի նկատմամբ, քան շատերն են կարծում, հատկապես վերջին տասնամյակում էներգետիկ շուկաների այդքան կտրուկ փոփոխությունից հետո: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել իր ներգրավվածությունը բարձր մակարդակներում, բայց ես վստահ չեմ, որ դա կտեսնենք»,- ասաց Փոլ Սթրոնսկին։

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահները ներգրավված եղել են Լեռնային Ղարաբաղի և Թուրքիա-Հայաստան խնդիրներում՝ և՛ նախագահ Ջորջ Բուշի, և՛ նախագահ Բարաք Օբամայի օրոք, և այդ ջանքերը ձախողվել են, ուստի ամերիկյան կողմում որոշակի կասկած կա ավելի բարձր մակարդակով ներգրավման հարցում։ Սակայն, ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ, դա կարծես անհրաժեշտ է։

«Հուսով եմ՝ քարտուղար Պոմպեոյին տեսնել ավելի ուղիղ ներգրավվածությամբ։ Խնդիրն այն է, որ մենք, այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահական ընտրությունների միջին փուլում ենք, ուստի ուշադրությունը շեղվում է այլ թեմաների վրա։ Նախագահ Թրամփը դրական թեստավորվեց COVID-19-ով, ուստի նրա ներգրավման կարողությունը շատ թույլ է։ Բայց նույնիսկ Սպիտակ տան կշիռը կարող է առաջընթացի չհանգեցնել։ Չեմ տեսնում, որ նախագահներ Պուտինը կամ Մակրոնը կարողանում են էական հաջողության հասնել բռնությունը մեղմացնելու գործում»,- նման կարծիք հայտնեց Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբանը։

Նա նշեց, որ իր համար բարդ է Վաշինգտոնից կանխատեսումներ անել, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել հարավկովկասյան տարածաշրջանում։ «Ես այնուամենայնիվ չափազանց անհանգստացած եմ»,- ասաց Սթրոնսկին։

Տեսանյութեր

Լրահոս