Բաժիններ՝

Թուրքիայում օտարերկրացի զբոսաշրջիկներին թվային կոդ է հարկավոր

Թուրքիայում օտարերկրացի զբոսաշրջիկները հասարակական տրանսպորտով ուղեւորությունների համար պետք է թվային կոդ ստանան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարության ներկայացուցիչը:

«Կորոնավիրուսով հիվանդությունների աճը զսպելու համար կարեւոր է, որպեսզի բոլորը թվային կոդ ստանան: Օտարերկրացիները կարող են այն ստանալ մի ակնթարթում՝ շարժական հեռախոսով 2023 համարի վրա ուղարկելով իրենց տվյալները հատուկ ձեւաչափով՝ նշելով ազգությունը, անձնագրի համարը, ծննդյան տարեթիվը եւ ազգանունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Թուրքիայի ՆԳ նախարարությունը երկրում COVID-19-ով հիվանդների թվի աճի ֆոնին շրջաբերական է ուղարկել բոլոր նահանգների վարչակազմ, որի համաձայն քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար եւ հյուրանոցներում իջեւանելու համար այժմ պետք է լինի թվային կոդ՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

Դրանից առաջ Թուրքիայում թվային կոդ էին սահմանել միջքաղաքային ավտոբուսներով, գնացքներով եւ ինքնաթիռներով ուղեւորությունների համար: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 30-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել է գերատեսչության ղեկավար Ֆահրեթթին Քոջան, Թուրքիայում համավարակը հասել է երկրորդ բարձրակետին: Մեկ օրում վարակվածության նոր դեպքերի եւ դրանից մահերի առավել բարձր ցուցանիշներ մայիսից ի վեր երկրում քանիցս արձանագրվել են սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս