«Երբ անհրաժեշտություն լինի, մենք կդիմենք մեր գործընկերներին». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ և՛ գործադիրի մակարդակով, և՛ խորհրդարանի մակարդակով մշտական կապի մեջ են բոլոր գործընկերների հետ, ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումները փոխանցում են նրանց։

«Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա համաձայն եմ, որ դա մեր ուզած արձագանքը չէ, բայց դա սպասելի արձագանք էր, կարծում եմ՝արդեն վերջին 30 տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ առաջին հերթին մենք մեզ վրա պետք է հույս դնենք։ Սա չի ենթադրում, որ միջազգային գործընկերների հետ աշխատանք չպետք է տանենք, դա արվում է»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ այդ քննարկումները շարունակվում են՝ քննարկում են և՛ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման, և՛ Արցախի անկախության ճանաչման հարցը։ Ըստ նրա, այս առումով դեռ քննարկումներ են՝ հստակ որևէ բան չկա։

«Կարծում եմ՝ վարչապետի երեկվա ելույթն ինքնին ենթադրում է, որ այդ առումով արդեն կա հանրային քննարկում, բայց կարծում եմ՝ սա այն հարցերից է, որ լավ է, որ սկսվել է քննարկում, բայց պետք է ի վերջո կշռադատված որոշում կայացնել։ Կան փաստարկներ և՛ Արցախի անկախության ճանաչման, և՛ չճանաչման վերաբերյալ, և ժամանակային առումով։ Հիմա ըստ էության մենք, այդ փաստարկների քննարկման փուլում, կան տարբեր գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։ Կրկնում եմ՝ մեր քաղաքական դիսկուրսում կա այդ քննարկումը»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, և ի՞նչ պետք է լինի, որ այդ գործիքն օգտագործեն, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ չարժե այդ հիպոթետիկ հարցը քննարկել. «Երբ անհրաժեշտություն լինի, մենք կդիմենք մեր գործընկերներին»:

Հաջորդ հարցին՝ ռուս գործընկերների հետ քննարկում կա՞ այս շրջանում, Ռ. Ռուբինյանը պատասխանեց, որ բոլոր գործընկերների, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ ակտիվ շփման մեջ են և ասում են այն, ինչ պետք է ասվի, այն, ինչը բխում է  ՀՀ-ի շահերից։

Նա նաև ընդգծեց՝ եթե անհրաժեշտություն տեսնեն, ապա քայլեր կձեռնարկեն, որպեսզի ՀԱՊԿ-ը հատուկ նիստ հրավիրի։

Տեսանյութեր

Լրահոս