«Այս իրավիճակը, կարծում եմ, հետևանքն է նրա, որ Ադբեջանը չի կարողացել կորզել միակողմանի զիջումներ հայկական կողմերից». ԱՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
«Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով». ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, որ զսպվի հետագա ագրեսիան:
«Ադրբեջանը 2016-ից հետո էլ, չկարողանալով տարբեր միջոցներով, այդ թվում նաև շանտաժի միջոցով հասնել, կորզել միակողմանի զիջումներ հայկական կողմերից, արդեն սկսեց ավելի ինտենսիվացնել ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուղեկցվում էր բացահայտ ուղղակի սպառնալիքներով: Այս իրավիճակը, կարծում եմ, դրա հետևանքն է»,-ասաց Ներսիսյանը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն ավելացրեց, որ Ադրբեջանի որևէ գործողություն հետ չի պահելու Արցախին իր առջև դրված նպատակի իրականացումից:
«Ադրբեջանի որևէ սադրանք մեզ ետ չի պահելու մեր նպատակից, մենք հստակ ունենք մեր նպատակը, դա Արցախի ինքնորոշման, Արցախի ժողովրդի ինքնորոշման, ճանաչման միջազգային սկզբունքն է, դա այն ճանապարհն է, որ մենք անցել ենք և մեր պետականության պահպանման, Սահմանադրությամբ ամրագրված մեր սահմանների պահպանման, մեր ժողովրդի անվտանգության համար առհասարակ Արցախի ՊԲ-ն պատրաստ է իրականացնել համարժեք բոլոր գործողությունները»,-ասաց Պողոսյանը
Նրանք նաև հայտնեցին, որ մարտերը շարունակվում են, իսկ հարձակումները հաջողությամբ կասեցվում են: