«Ակնհայտ է, որ մենք գործ ունենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ դժվար է կանախատեսել, թե Ադրբեջանը որքան ժամանակ դեռ կշարունակի իր ռազմական ագրեսիան, սակայն վստահ է, որ ՀՀ զինված ուժերն ավելի քան պատրաստ են՝ դիմագրավելու այդ ագրեսիային և արժանի հարված հասցնել։

«Ժամկետների հետ կապված դժվար է որևէ բան ասել, բայց ակնհայտ է, որ մենք գործ ունենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ։ Պետք է հետևենք պաշտոնական լրահոսին, չտրվենք ադրբեջանական քարոզչադաշտում ստեղծվող կեղծ լուրերին և զերծ մնանք որևէ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի և պաշտպանության բանակի կողմից։ Արդեն տեղյակ եք, որ հայտարարված է զորահավաք և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ Հայաստանն անուրանալիորեն համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը և րոպեներ անց տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ համապատասխամն երլույթներ ու հայտարարություներ կլինեն»,- 168.am հետ զրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի հարձակումը սպասելի էր, բնականաբար ժամկետները հստակ չէին, բայց որ Ադրբեջանը գնում էր նման արկածախնդրության՝ ակնհայտ էր, թե՛ ելույթների, թե՛ վերջին շրջանում քարոզչադաշտում եղած հրապարակումները։

«Այս անգամ Ադրբեջանը փաստացի կրկին ընտրեց շաբաթ-կիրակի ժամանակահատվածը, ապրիլյանի ժամանակ մենք ևս այդ իրավիճակի հետ գործ ունեինք։ Կարծում եմ՝ սա հատուկ է արվում, միջազգային հանրության առումով կիրակի օրերին իրավիճակը մի քիչ բարդանում է։ Սակայն մենք վաղ առավոտից ինտենսիվորեն աշխատում ենք և արդեն տեղեկացրել ենք մեր բոլոր գործընկերներին տարածաշր(ջանում ծավալված իրադարձությունների և ադրբեջանական ագրեսիայի մասին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Տեսանյութեր

Լրահոս