Ի՞նչ էին զգուշացնում Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները Արցախյան գոտում բռնկված թեժ մարտերից առաջ

Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր վաղ առավոտից սկսված թեժ մարտական գործողություններից առաջ՝ օրերս, Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները ուշագրավ կոչերով էին հանդես եկել: Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել` հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ: Այս մասին տեղեկացել էինք Բաքվում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքէջից։ Դեսպանատունը հորդորել էր Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին, զգուշություն ցուցաբերել հանրային տարածքներում և խուսափել բազմամարդ ցույցերից: Դեսպանություննը նաև իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին էր թելադրել Ապշերոնի թերակղզուց դուրս չճամփորդել։

Նմանատիպ հայտարարությամբ ՀՀ-ում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին էր դիմել նաև Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել էին խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից, ներառյալ «Դիլիջան» ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը:

Նաև կոչ էր արվում չճամփորդել դեպի Արցախ և հետևել լուրերին։ Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները հաճախ են նման կոչերով հանդես գալիս առանձին երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման, ինչպես նաև Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի վատթարացման որոշ դեպքերում, սակայն նման համակարգված կոչ երկու դեսպատների կողմից վերջին շրջանում չէր հնչել, ինչը գրավեց փորձագիտական համայնքի ուշադրությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ դեսպանատները երբեք չեն անում  նման հայտարարություններ ելնելով պարզապես պատերազմի սպառնալիքից:

Հաշվի առնելով մարտական գործողությունների մասշտաբը, ինչպես նաև քաղաքական իշխանությունների վերջին օրերի կոշտ հայտարարությունները, մի շարք փորձագետներ նշում են, որ Ադրբեջանի ռազմագործողությունները շփման գծում նախապես պլանավորված էին:

Ավելին  ՀՀ ՊՆ Մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ «Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,- նշել էր Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս