«ԱԱԾ-ն հետևում է բոլոր հրապարակումներին և ըստ անհրաժեշտության՝ ձեռնարկում օրենքով իրեն վերապահված գործառույթներ». ԱԱԾ-ն՝ Դոգի «բացահայտումների» մասին
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ դիմել է ՀՀ ԱԱԾ-ին՝ պարզելու, թե արդյո՞ք Ապրիլյան պատերազմի շուրջ ձևավորված ՀՀ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյան-Ադրբեջանի ԱԱԾ նախկին աշխատակից տանդեմն իրենց խոշորացույցի տակ է, երբ անգամ կապեր են հաստատվում ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հետ, նրանցից փաստաթղթեր ուզում:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, թե Ադրբեջանի ԱԱԾ նախկին աշխատակցից պարզել է, որ ապրիլյան պատերազմում զոհված երկու զինծառայող՝ Դավիթ Հայրապետյանը և Միշա Աղաջանյանը, իբր գերի են Ադրբեջանում, ոչ թե զոհվել են:
«Ազգային անվտանգության ծառայությունը, բնականաբար, հետևում է բոլոր հրապարակումներին և ըստ անհրաժեշտության՝ ձեռնարկում օրենքով իրեն վերապահված գործառույթներ: Ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության, տրամադրում այդ ուղղությամբ տեղեկություններ: Սակայն տվյալ պարագայում նպատակահարմար ենք գտնում, որ դիմեք ՀՀ զինվորական դատախազություն»,- 168.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ի դեպ, 168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նշենք, որ իր տեսանյութերում նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը հույս է հայտնում, որ Անդրանիկ Քոչարյանը կտա իր բարձրացրած հարցերի պատասխանները: