Աբեն պատրաստ է իրեն փոխարինողին օգնել ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններում
Ճապոնիայի վարչապետի պաշտոնը թողած Սինձո Աբեն հույս ունի, որ կառավարության նոր ղեկավար Յոսիհիդե Սուգան Ռուսաստանի հետ ակտիվ կերպով բանակցություններ կվարի հաշտության պայմանագիր կնքելու շուրջ եւ պատրաստ է այդ հարցում ակտիվորեն օգնել նրան։
«Բանակցությունները, որոնցում բախվում են ազգային շահերը, չեն կարող դյուրին լինել: Բայց տարածքային հարցը չի կարելի առանց ուշադրության թողնել: Հուսով եմ, որ վարչապետ Սուգայի օրոք բանակցություններն ակտիվորեն կընթանան Ճապոնիայի եւ Ռուսաստանի հաշտության պայմանագիրը կնքելու համար: Ես դրանում կօգնեմ որպես շարքային պատգամավոր»,-ասել է Աբեն «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում:
Նախկին վարչապետը նաեւ նշել է, որ, իր կարծիքով, «նախագահ Պուտինը նույնպես ցանկանում է միջնաժամկետ հեռանկարում լուծել (հաշտության պայմանագրի) խնդիրը եւ ամրապնդել Ճապոնիայի հետ հարաբերությունները»: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության պայմանագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան ստորագրել են Համատեղ հռչակագիր, որում Մոսկվան համաձայնել է քննարկել Խաբոմայիի եւ Շիկոտանի հանձնումը հաշտության պայմանագիրը կնքելուց հետո, իսկ Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի արծարծվել: ԽՍՀՄ-ը հուսով էր, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան փաստաթուղթը համարել է խնդրի լուծման միայն մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ հավակնություններից:
Հետագա բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել, հաշտության պայմանագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտվելուց հետո այդպես էլ չի ստորագրվել: Առկա է այն տեսակետը, որ լուրջ դիմադրություն է առաջացել ԱՄՆ-ի կողմից, որն սպառնացել է, որ եթե Ճապոնիան համաձայնի իրեն հանձնել չորս կղզիներից միայն երկուսը, դա կազդի Օկինավան Ճապոնիայի ինքնիշխանության ներքո վերադարձնելու գործընթացի վրա (Օկինավան Ճապոնիային վերադարձնելու վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1972 թվականին):
Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ ՌԴ-ի ինքնիշխանությունը կասկածի ենթակա չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: