«Այն, ինչ եղել է վերջին 6 ամսում, ամենևին ձեռնտու չի  ՀՀ քաղաքացիներին». Կարեն Քոչարյան

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը, որը, ինչպես նշել են երեք ուժերը տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնվել է, քանի որ «իշխանությունները ձախողել են ամենուրեք», քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը դիտարկում է՝ որպես «հստակ ընդդիմադիր բևեռների ձևավորմանն» ուղղված քայլ:

«Ինչ օրակարգ կձևավորեն, ինչպիսի հարցեր կբարձրացնեն, ինչպես կծավալեն պայքարը, դա արդեն ժամանակը ցույց կտա: Բայց այն, որ ընդդիմադիր բևեռը, կարելի է ասել, դուրս է եկել այն սաղմնային և քաոտիկ վիճակից և հստակ ձևավորման փուլում է, դա արդեն պարզ է»,- այսօր հրավիրված աուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանը ոչ մի զարգացում չի բացառում:

«Սա քաղաքականություն է, և ամեն ինչ կարող է լինել, կարող են լինել բաներ, որոնք կբերեն իշխանափոխության, ինչքան էլ դա ծիծաղելի թվա»,- նշեց նա։

Ըստ քաղտեխնոլոգի՝ զարգացումները կախված կլինեն ընդդիմադիրների գործողություններից, կլինեն նաև օբյեկտիվ պատճառներ՝ կախված իշխանության սոցիալ-տնտեսական և առողջապահական քաղաքականության իրագործման ձևից:

«Այն, ինչ եղել է վերջին 6 ամսում, ամենևին ձեռնտու չի ՀՀ քաղաքացիներին և հասարակությանը, դրա համար էլ մենք տեսնում ենք օրը մեջ տարբեր բողոքներ՝ առայժմ լոկալ, իհարկե, բայց այդ լոկալն ինքը մթնոլորտ է ձևավորում արդեն: Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը լրիվ այլ է: Ինքը սկսել է խոսել ոչ թե ասֆալտին ծեփելուց և պատերին խփելուց, այլ սկսել է խոսել սխալներից: Խոսքը վերջին իր գրառման մասին է: Թեև, այո, ինքը սխալներով ապացուցել է, որ ինքը ճիշտ է, բայց այնուամենայնիվ հռետորաբանություն է փոխվել, որովհետև կարծում եմ՝ սկսել են շփվել իրականության հետ, կամ, եթե ոչ՝ իրականության, ապա գոնե ֆեյսբուքյան այն հատվածի, որը մինչ այս հասու չէր իրենց»,- հավելեց Կարեն Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս