Արգիշտի Քյարամյանը երաշխիք չունի, որ իրեն չեն կարող գաղտնալսել
«Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ ձեզ ԱԱԾ տնօրեն նշանակելն արդեն իսկ Ազգային անվտանգության իրական սպառնալիք է:
Դիտարկմանը, որ նա ԱԱԾ տնօրեն է եղել և նման հայտարարություն է արել, կամ հանրությունն ինչպե՞ս իմանա՝ որքանո՞վ է նրա ասածն իրականությանը համապատասխանում, Քյարամյանը պատասխանեց.
«Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում՝ ԱԱԾ, ՀՔԾ և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են»:
Հարցին, թե Վանեցյանը կապ ունի՞ դրա հետ, ԱԱԾ-ն տեղեկություն ունի՞, Քյարամյանը պատասխանեց, որ քննություն է իրականացվում Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում, նախաքննական գաղտնիքներ կան, և դրա հետ կապված՝ որևէ բան չի կարող մեկնաբանել:
Հարցին, թե՝ դուք երաշխիք ունե՞ք, որ ձեզ էլ չեն կարող գաղտնալսել ինչ-որ պահի, Քյարամյանը պատասխանեց, որ որևէ մեկը երաշխավորված չէ:
«Քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են, և կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, հետևաբար, որևէ հարցում այս պահին երաշխավորված լինելն իրատեսական չէ»,- ասաց ԱԱԾ տնօրենը: