Բաժիններ՝

Հոլանդիայում սնկից դագաղներ են պատրաստում

Նիդեռլանդների Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի հետազոտող Բոբ Հենդրիքսը սկսել է դագաղներ պատրաստել սնկամարմնից՝ սնկային արմատային համակարգից: Այս մասին գրում է Dezeen-ը:

Նախագծի հեղինակի խոսքով՝ նման դագաղները պարարտացնում և մաքրում են հողը, իսկ թաղված մարմինը մի քանի անգամ ավելի արագ է քայքայվում:

Loop Cocoon անունով դագաղները Հենդրիքսը նախագծել էր իր Loop հավելվածի համար, որն առաջարկում է էկոթաղման ծառայություններ:

«Նման դագաղի արտադրությունը էկոլոգիապես շատ մաքուր է. արհեստական ​​լույս կամ էլեկտրաէներգիա չի օգտագործվում: Կառուցվածքը հիմնականում բաղկացած է սնկից՝ բացառությամբ ներքևում գտնվող փոխանցման համար նախատեսված փայտե հատուկ ձողիկների, բայց դրանք հնարավոր է հեռացնել: Դագաղի ներսում մամուռ է աճում, ինչն օգնում է մարմնին էլ ավելի արագ քայքայվել»,- ասել է Հենդրիքսը:

Նա նաև նշել է, որ նման դագաղ «աճեցնելու» համար անհրաժեշտ է մոտ երկու շաբաթ:

Երկու շաբաթվա ընթացքում սունկն աճում է՝ հասնելով ցանկալի վիճակի, այնուհետև այն չորացվում է, ինչը ժամանակավորապես դադարեցնում է սնկի աճը: Հուղարկավորությունից հետո, հողի տակ, սնկամարմնի աճը վերսկսվում է:

Նախագծի հեղինակի խոսքով, սովորական փայտե դագաղում թաղված մարմնի քայքայման գործընթացը շարունակվում է ավելի քան տասը տարի: Սնկե դագաղում մարմինը երկու տարի անց վերածվում է պարարտանյութի:

«Հիմա մարդու մարմինը չի աղտոտի հողը, այլ ընդհակառակը, կպարարտացնի այն»,- ասել է ստարտափի հիմնադիրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս