«Աղերսում ենք ՃՈ-ին, որ թվեր հրապարակի». Վարորդների իրավունքների պաշտպանը՝ Երևանում 60 կմժ արագություն սահմանելու որոշման արդյունքների մասին
Հուլիսի 18-ից Երևանի ամբողջ տարածքում նախկին 70-80 կմժ արագության փոխարեն՝ սահմանվել է 60 կմժ: Ոստիկանությունը վստահեցնում է, որ այս փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է։
Վարորդներից շատերի կարծիքով էլ՝ սա սխալ է, քանի որ Երևանին արագություն է պետք:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի պնդմամբ՝ Երևանին արագություն պետք չէ:
«Ամբողջ Փարիզում 50 կմժ է սահմանված արագությունը, անգամ նոր քաղաքապետն ուզում էր 30 կմժ դարձնել: Տեղեր կան, որ արագությունն իջնում է մինչև 40-30 կմժ: Այստեղ 1 վայրկյան կանգնում են, ասում են՝ վերջ, խցանում է: Այդպես խցանում չի լինում: Փարիզում ամենուր հետիոտնային անցումներ կան, մարդիկ հանգիստ անցնում են: Իսկ այստեղ 2005-2006թթ. Ճանապարհների հատակագծերի (գենպլան) նախագծմամբ, վերցրեցին, արագընթաց ճանապարհներ սարքեցին ու վերգետնյա անցումներ, որը, ի տարբերություն ստորգետնյա անցումների՝ ավելի էժան է, իսկ սա Երևանի համար անթույլատրելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ֆրանսիայում վերգետնյա և ստորգետնյա անցումների փոխարեն՝ 150 մետր հեռավորությամբ հետիոտնային անցումներ կան, իսկ ամեն 200 մետր հեռավորության դեպքում՝ ավտոբուսի կանգառ:
«Ֆրանսիայում Երևանի նման չէ: Կամոյի դպրոցից մինչև մետրո ահագին ճանապարհ է, կարելի է մեկ կանգառ սարքել: Եվ հետո՝ ժողովուրդը ծերացող է: Ամեն անգամ, ասենք, 70 տարեկան մարդուն ինչպե՞ս բաձրացնես այդքան, հետո իջեցնես: Կամ՝ դպրոցականները, ծնողները… ծանր պայուսակներն այդքան բարձրացնում են: Գումի շուկայի մոտ նորմալ հետիոտնային անցում էր, սարքեցին վերգետնյա և, ասենք, շուկայից գնումներից հետո պետք է գաս, վերգետնյա անցումով բարձրանաս, նորից իջնես, ինչ է, թե՝ Տիգրան Մեծն անցնես: Ընդհանրապես ո՞վ է նման բան տեսել: Լատինաամերիկյան երկրներում 2000-ական թթ. նման վերգետնյա, ստորգետնյա անցումներ սարքեցին, հետո տեսան, որ դա չի աշխատում: Ամենը վերացրեցին ու հետիոտնային անցումներ սարքեցին, որովհետև հետիոտնը սովորաբար ամենակարճ ճանապարհն է ընտրում:
Ի դեպ, Երևանում պիկ ժամերին չպետք է թույլ տան մայթեզրերին կայանել, պետք է տաքսիներին ու երթուղայիններին հնարավորություն տան շրջանցել խցանումները»,- նշեց մեր զրուցակիցը:
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի դիտարկմամբ՝ Փարիզում փողոցները նեղ են, մեքենաները շատ փոքր հեռավորությամբ են անցնում կայանած մեքենաների կողքով, բայց ոչ մի մարդու մտքով չի անցնում մեքենաների միջով դուրս ցատկել երթևեկելի մաս ու փողոցն անցնել զուտ նրա համար, որ այդ օրն այդպես է ուզել:
«Իրականում վթարները, դժբախտ պատահարները, իմ տեղեկություններով, ավելացել են, ոչ թե նվազել: Այսինքն՝ դժբախտ դեպքերը նախկին 70-80կմժ-ի թույլատրելի փողոցներում շատացել են։ Ուղղակի աղերսում ենք Ճանապարհային ոստիկանությանը, որ թվեր հրապարակի: Ու ասեմ նաև, որ ոչ մարմնական վնասվածքների դեպքերով ՃՈ-ն վիճակագրություն չի հրապարակում, առավել ևս՝ ստատիստիկա չի վարում։ Հետևաբար՝ և ի սկզբանե չի տիրապետում ստատիստիկային, ու աղավաղելու է իրականությունը»,- նկատեց Արտակ Խաչատրյանը:
Վարորդների իրավունքների պաշտպանի խոսքով՝ ինչպես դպրոցների մոտ են իջեցնում արագությունը, 40 կմժ ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկում, այդ կերպ էլ ազատ տարածքներում պետք է միջոցներ ձեռնարկեն մաքսիմալ հարմարավետ, սակայն մաքսիմալ անվտանգ արագություն ապահովելու համար:
«Իսկ եթե համահավասար 60 կմժ է, այդ դեպքում 10 տարի դպրոցների մոտ 40կմժ էր, կստացվի, որ ՃՈ-ն 10 տարի խաբել է ու սխալված է եղել»,- հավելեց Արտակ Խաչատրյանը:
Ամեն օր Երևանի բոլոր փողոցներում երթևեկող, շտապող ու չշտապող քաղաքացիների տեղափոխող տաքսու վարորդ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ փոփոխությունն արդյունավետ չէ:
«Առավելագույն արագությունը միայն 60 կմժ սարքելը շատ վատ է: Այն փողոցները, որտեղ 60 կմժ է, անընդհատ խցանումներ են՝ Իսակովի և Մյասնիկյան պողոտաներ, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան փողոց… Գալիս-հասնում են արագաչափի մոտ, ու խցանում է լինում, այսինքն՝ սկսում են դանդաղ վարել, հետո՝ նորից արագ»,- մեզ հետ զրույցում ասել էր տաքսու վարորդը:
Ամեն օր սեփական մեքենայով աշխատանքի մեկնող Արմեն Գասպարյանը ևս կողմ չէ 60 կմժ-ին:
«Այս քաղաքին արագություն է պետք, որ խցանումներ չլինեն: Առանց այդ էլ մարդիկ ալարում են մեքենան վարեն: Իսկ վթարներն անգրագիտության, անուշադրության, կանոնները չպահելու, խմած վիճակում ղեկին նստելու և արագությունը գերազանցելու պատճառով են: Ոմանք նաև հղփացած են ու ցուցամոլ ու նաև այդ պատճառով են արագ վարում»,- նշել էր Արմեն Գասպարյանը: