CNN-ն անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջության վերաբացմանը
CNN Travel-ն ԱՄՆ քաղաքացիների համար բաց երկրների թեմայի ներքո հիշեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար Հայաստան մուտքի կանոնները:
Լրատվամիջոցը ներկայացրել է երկրները, որոնք ԱՄՆ քաղաքացիների համար լիովին բաց են, երկրները, որոնք բաց են, սակայն որոշակի սահմանափակումներով և երկրները, որտեղ չեն կարող մեկնել կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով:
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ԱՄՆ քաղաքացիները կարող են մեկնել, սակայն որոշակի սահմանափակումներով: Հեռուստաընկերությունը հիշեցրել է Հայաստան մուտքի կանոնները: «Հայաստան ժամանելուն պես զբոսաշրջիկները պետք է անցնեն Covid-19 ՊՇՌ թեստ կամ 14 օր մեկուսանան: Թեստավորում անցած ուղևորները պետք է մեկուսանան՝ մինչև բացասական արդյունք ստանալը»,-նշել է CNN-ը` ակտիվ հղմամբ ներկայացնելով հայկական «Զվարթնոց» օդանավակայանի հիշեցումները երկիր մուտք գործելու կանոնների և թեստավորում իրականացնող լաբորատորիաների վերաբերյալ: Կարևոր է նաև տեղեկությունը, որ թեստավորումն արվում է անձի ինքնամեկուսացման հասցեում:
ԱՄՆ քաղաքացիների համար որոշակի սահմանափակումներով բաց են նաև Եգիպտոսը, Դուբայը, Մալդիվները, Մալթան, Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ: ԱՄՆ քաղաքացիներն ազատ կարող են մեկնել Ալբանիա, Բելառուս, Բրազիլիա, Մեքսիկա, Սերբիա, Թուրքիա, Հյուսիսային Մակեդոնիա, Զամբիա: Իսկ Թունիսն ու Ուկրաինան մինչև առնվազն սեպտեմբերի 28-ը փակ են ԱՄՆ քաղաքացիների համար:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը: