Երբ կվերսկսվեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան. Վարչապետը ժամկետներ է նշում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանոնավոր չվերթերի վերականգնման հարցին՝ նշելով, որ շատերը մեկնում են Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, և պարբերաբար բարձրացվում է այդ հարցը։
«Պետք է արձանագրել, որ այո, սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է, և երբեմն այնպիսի տպավորություն է, որ միայն Հայաստանում է նման վիճակ, բայց այդպես չէ։ Այսօր ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է, դեպի Ռուսաստան, Ռուսաստանից դեպի այլ տեղ։ Եթե խոսենք Ռուսաստանի Դաշնության մասին, գրեթե բոլոր երկրների հետ շրջանառությունը փակ է, կան որոշ բացառություններ։ Ուզում եմ նաև արձանագրել, որ այսօր ընդհանուր համաճարակային իրավիճակի ընկալումները հնարավորություն են տալիս, որ մենք ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք և փորձենք հասկանալ, թե ինչպես պետք է դուրս գանք այս իրավիճակից և ինչ ժամանակացույցով։ Մենք արդեն նման քննարկում ԵԱՏՄ ֆորմատով նախաձեռնել ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ուղևորափոխադրումներին և սահմանների բացմանը, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պլանավորել են և արդեն հայտեր են ընդունում՝ հասկանալու, թե սեպտեմբերից կեսերից որ ավիափոխադրողներն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթերը։
«Որքանով հասկանում եմ, արդեն սեպտեմբերի մեջ գոնե 1-2 տասնյակ ավիափոխադրողներ կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան։ Ընդ որում, մենք փոփոխություններ ենք կատարել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված և արտերկրից ժամանած այն քաղաքացիների, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր։ Նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ, և եթե պատասխանը բացասական լինի, ապա նրանք կարող են կարանտին չանցնել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում