«Այ, պարոն Բադասյանը եթե այս փաստը նայի, ես կարծում եմ՝ ինքն էլ բավականին հետաքրքիր հետևությունների կգա». Հայկ Ալումյան
Երեկ Ազգային ժողովում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լրագրողների հարցերին, ասել էր, թե «առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ դատական նիստերը ձգձգելու և ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ՝ արդարադատությունից խուսափելու: Չգիտեմ… այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ դատավորն ինքնաբացարկ է հայտնում, այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, կամ չի հայտնում ինքնաբացարկ, երբ… Բնականաբար, այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր ասաց, թե Ռուստամ Բադասյանի բարձրացրած հարցը, որ դատավորներն այս գործով ինքնաբացարկ են հայտնում, իրականում գոյություն ունի:
«Դատավորները չեն ուզում այս գործի հետ ընդհանուր բան ունենալ, և դա երևում է հենց մենակ ինքնաբացարկների քանակից, որն այս գործի առնչությամբ եղել է: Բայց պարոն Բադասյանը, օրինակ, չհիշատակեց գործի ձգձգման մի շարք պատճառներ, որը լավ կլիներ, եթե ինքը հիշեր և հիշատակեր: Օրինակ, երբ որ գործը գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, ակնհայտ շինծու քրեական գործ ստեղծեցին զուտ մի պատճառով, որպեսզի այս քրեական գործը դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթից վերցնեն, փոխանցեն մեկ այլ դատավորի: Կամ, երբ արդեն գործը Դավիթ Գրիգորյանի վարույթից վերցրել էին, որովհետև նրա լիազորությունները կասեցվել էին ակնհայտ շինծու քրեական գործի արդյունքում, և հանձնել գրասենյակ, որ վերամակագրվի ուրիշ դատավորի, երկար ժամանակ, երկար ժամանակ գործը չէր մակագրվում որևիցե դատավորի, երբ որ հենց հաջորդ օրը պիտի մակագրվեր, կամ հենց նույն օրը… իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև դատավոր Աննա Դանիբեկյանը դեռ արձակուրդում էր, և պիտի ինքը գար գործի, որ մակագրվեր իրեն: Այ, պարոն Բադասյանը եթե այս փաստը նայի, ես կարծում եմ՝ ինքն էլ բավականին հետաքրքիր հետևությունների կգա, ուրիշ բան է, որ կուզի՞ այդ մասին բարձրաձայնել, կամ չի՞ ուզի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ալումյանի խոսքով՝ ունեն փաստաթուղթ, որում նշել են, թե քանի օր ու ինչի պատճառով է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը հետաձգվել:
Ըստ Ալումյանի՝ 200 օրից ավելի գործի քննությունը ձգձգվել է միայն գործն ուրիշ դատավորի չվերամակագրելու, գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ տևական ժամանակ արձակուրդում լինելու պատճառով: